ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 7-րդ համաժողովին
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Նախևառաջ` շնորհակալություն են հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին՝ արդեն իսկ ավանդական դարձած միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովին մասնակցելու հրավերի համար: Այս տարի համաժողովն անցկացվում է միջազգային հարաբերություններում բարձր լարվածության պայմաններում, և մեր այսօրվա նիստի թեման, որ կրում է «Գլոբալ անվտանգությունը բազմակենտրոն աշխարհում» խորագիրը, հատկապես այժմեական է:
Թեմայի հրատապությունը ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ մեր նիստի անվանման մեջ կիրառվող յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր եզրույթ իր մեջ կրում է վերափոխման, խորը կերպարանափոխման հետք: Եկեք այս ամենը քննենք առանձին-առանձին:
«Գլոբալ» բառը, որը ժամանակին նշանակում էր համապարփակ, համապիտանի, ընդհանրական, այսօր դյուրին կերպով կիրառվում է ցանկացած տարածաշրջանային մակարդակի այնպիսի երևույթի կամ գործընթացի նկատմամբ, որն անմիջականորեն արտացոլվում է միջազգային ասպարեզում: «Գլոբալ» տեղական ահաբեկչական գործողությունը Մանհեթենում 2001թ.-ին, «գլոբալ» քաղաքացիական պատերազմը Հարավային Սուդանում, «գլոբալ» հաքերային հարձակումը աշխարհով մեկ սոցիալական ցանցի միլիարդավոր օգտատերերին սպասարկող կորպորացիաներից մեկի սերվերների դեմ: Վերջին տարիներին զգալիորեն մեծացել է «գլոբալ» ծավալների հավակնող իրադարձությունների թիվը, կտրուկ ավելացել է «գլոբալ» որոշումների մշակման, ընդունման և իրականացման վրա ազդեցություն գործող տեղական և տարածաշրջանային գործընթացների քանակությունը:
Վերափոխվում է նաև «անվտանգություն» հասկացությունը: Այն, ինչի մակարդակը մենք սովոր էին չափել մոբիլիզացիոն ռեսուրսով, սպառազինության և զինամթերքի որակով ու քանակով, սկզբում ամրոցների, այնուհետև՝ ռազմավարական նշանակության զսպող զինատեսակների հուսալիությամբ, իր բազմագործոնության, անկախատեսելիության և փոխկապվածության շնորհիվ մեկ ակնթարթում վերածվել է ինչ որ անչափելի երևույթի:
Վերափոխման է ենթարկվում նաև «աշխարհի բազմակենտրոնություն» հասկացությունը: Ի դեպ, սա ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ այս բառով փոխարինվել է նման ֆորումների համար շատ ավելի սովորական դարձած «աշխարհի բազմաբևեռություն» հասկացությունը: Կարծում եմ սա պատահական չէ, քանզի բազմաբևեռությունն ինքին ենթադրում է հակընդդեմություն, քանի որ բևեռները, ըստ սահմանման, հակընդդեմ են. Աշխարհագրության մեջ դա հյուսիս - հարավն է, մաթեմատիկայւում ու ֆիզիկայում՝ պլյուսն ու մինուսը: Բազմաբևեռությունը ենթադրում է մեկ առանցքի եզրային, իրար հակառակ կետերի առկայություն:
Ընդհանրապես, ինքնին «բազմաբևեռություն» հասկացությունը դիտվում է որպես հակատրամաբանություն – ալոգիզմ, քանզի մտացածին ձևափոխումն է «երկբևեռ» աշխարհի հայեցակարգի, այսինքն՝ աշխարհի, որի առանցքի երկու ծայրերին գտնվում են երկու հակոտնյա: «Բազմաբևեռությունը» արդեն իսկ ենթադրում է միանգամից մի քանի առանցքների առկայություն, որն ակհայտորեն չի արտացոլում 20-րդ դարի և 21-րդ դարի սկզբի աշխարհակարգի իրողությունները:
Բազմակենտրոնությունը բազմաբևեռությունից տարբերվում է ինչպես երկուսից ավելի ազդեցության կենտրոնների առկայությամբ, այնպես էլ «առանցքի» հայեցակարգի ակներև ցանցային կառուցվածքով փոխարինմամբ:
Մենք բոլորս հիշում ենք Ֆրենսիս Ֆուկույամայի առաջ քաշած՝ ժամանակին չափազանց մոդայիկ «Պատմության վերջը» հայեցակարգը, որը հիմնված էր գաղափարական դիմակայության ավարտի պատճառով միջազգային օրակարգի սպառվածության տեսության վրա: Եվ ահա, «բազմակենտրոնության» յուրահատկություններից մեկն այն է, որ նորագույն համաշխարհային պատմության օրակագը շատ ավելի ընդարձակ է, քան Արևմուտքի և Արևելքի գաղափական հակամարտությունը:
«Բազմակենտրոնությունում» հիմնական ծանրությունը ընկնում է ոչ միայն և ոչ այդքան առանձին վերցրած «ցանցի» ներսում գլոբալ դերակատարներից յուրաքանչյուրի ճշգրիտ ազդեցության հաշվարկի, որքան ցանցային կառույցների քանակության վրա, որոնցում դերակատարներից յուրաքանչյուրն ունի N քանակի փոխադարձ կապեր և դրանց համարժեք ռեսուրսների ու ազդեցության մակարդակ:
Այսպիսով, «գլոբալ» և «անվտանգություն» հասկացությունների վերափոխումը արմատապես փոխում է բոլոր մակարդակներում դերակատարների փոխհարաբերությունների կառուցվածքը: Ընդ որում, «բազմակենտրոնություն» հասկացությունը, ինքնին բացառում է դերակատարներից որևէ մեկի հաղթանակի հնարավորությունը զրոյական արդյունքով «խաղում» անկախ իր ունեցած կարողություններից և ռեսուրսներից: Փոխգործողության թեմաների բազմազանության ավելացման, հիմնական խաղացողների կազմի ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և որոշումների կայացման արագությունների ավելացման պայմաններում միջազգային հանրությունը, այսինքն՝ նրա բոլոր դերակատարները` սկսած պետություններով և վերջացրած քաղաքացիական հասարակության ինստիտուտներով, մամուլով և կորպորացիաներով, համաշխարհային կրոններով և ոչ պաշտոնական միավորումներով, պարզապես «դատապարտված են», այս բառի ամենադրական իմաստով, ներգրավվելու փոխգործակցության մշտական գործընթացում` փոքր, միջին և մեծ արդյունքներով, որոնք ոչ միայն չեն բացառում առաջընթացը և մյուս բոլոր դերակատարների ամրապնդումը, այլ ընդհակառակը՝ ենթադրում են հենց դա:
Առաջին տպավորությունն այն է, որ այսպիսի աշխարհակերտվածքը ամենադժվարինը կլինի փոքր տեսակարար կշռով (բնակչությամբ, տարածքով, ռեսուրսներով) երկրների համար: Սակայն այսպիսի պատկերացումը չի հաստատվում իրերի առկա դրությամբ: Ավելին, անցումը երկբևեռությունից բազմակենտրոնության հավանաբար գլոբալ հանրույթի ամրապնդման և դինամիկ զարգացման գլխավոր երաշիքն է: Ընդ որում, աճի և դինամիկ զարգացման լայն հնարավորություններ են բացվում ոչ միայն խոշոր, այլև շատ ավելի համեստ խաղացողների համար: Ասվածը կհիմնավորեմ երեք հիմնական փաստարկով:
- «Բազմակենտրոնությունը» կտրուկ կրճատում է զրոյական արդյունքով խաղի հեռանկարները: Այսպիսի արդյունքով խաղում վատագույնն այն է, որ միշտ շահած է դուրս դուրս դերակատարներից միայն մեկը, և ոչ միայն պարտվածը, այլև մնացած բոլորը մնում են ձեռնունայն: «Բազմակենտրոն» աշխարհում բոլորը, թեկուզև տարբեր աստիճանով, կարող են փոխադարձ շահեկան պայմաններով ավարտել «գործարքների» մեծամասնությունը:
- «Բազմակենտրոնությունը» չի ենթադրում բաժանում սև-սպիտակ աշխարհի, և բազմակենտրոն գործարքների ցանցերից մեկում սերտ փոխգործակցությունը չի բացառում դերակատարների այս կամ այն խմբի միջև նույնպիսի սերտ համագործակցություն մեկ այլ ցանցում: Սա բաց է պահում հաղորդակցության և երկխոսության ուղիները, միջազգային հանրության բոլոր մասնակիցերի համար ձևավորելով բազմաթիվ «հարմարավետության գոտիներ»:
- Եվ վերջապես, «բազմակենտրոնությունը» գործընթացը չի դարձնում նպատակի պատանդ: «Բազմակենտրոնությունը» ենթադրում է փոխադարձ հարստացման գործընթաց տեղեկատվությամբ, հմտություններով և ռեսուրսներով փոխանակման միջոցով: