00:00:00

Կրկին ողբերգություն անվտանգության կանոնների խախտման հետեւանքով. «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է

17:02, 26 դեկտեմբեր 2019

Գորիս քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարից օրեր անց կրկին ողբերգություն. Ալավերդի քաղաքում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով: Ողբերգական այս դեպքը, ցավոք, կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները կրկին չպահպանելու, տարրական պահանջները անտեսելու հետևանք է, ինչը փաստում են մասնագետների կողմից իրականացված տեղազննության նախնական արդյունքները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում ներկայացնել դեպքի առաջացման հետ կապված մանրամասները: - Բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից: Բնակարանի ներտնային գազասպառման համակարգը նորմատիվային և անվտանգության պահանջների կոպիտ խախտմամբ ինքնակամ ենթարկվել է ամբողջական փոփոխության: - Ջեռուցման վառարանի համար նախատեսված մուտքային գծի փականը այս տարվա  հուլիսից կնքված է եղել գազօգտագործող սարքավորման բացակայության պատճառով: Սակայն, մուտքային գծի կնիքը հեռացվել է, տեղադրվել և շահագործվել է ջեռուցման վառարան առանց մատակարարին տեղյակ պահելու: - Հյուրասենյակում տեղակայված ջեռուցման վառարանի թիթեղյա ծխատարը փաստացի դուրս բերված չի բնակարանից և չունի ուղղահայաց հատված: Վառարանի ծխատարը մինչև 20 սանտիմետր խորությամբ մտցվել է պատշգամբի պատի մեջ, իսկ պատի արտաքին հատվածում բացվել է ընդամենը երեք փոքր անցք, ինչը չի ապահովել ծխագազերի բնականոն հեռացումը: Բացի այդ, խոհանոցում նախագծի խախտմամբ ինքնակամ տեղադրվել է ջրատաքացուցիչ, որը եռաբաշխիչի միջոցով միացվել է գազօջախի մուտքային գծին: Ընդ որում, ջրատաքացուցչի ծխատարը միացվել է խոհանոցի օդափոխության ուղուն, զրկելով տարածքը բնականոն օդափոխությունից: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին զգուշացնում և պահանջում է պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները: 1. Խստիվ արգելվում է  էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր: 2. Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից: Հարգելի բաժանորդներ, հիշեցնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման, իր և իր հարևանների առողջությունը և կյանքը չվտանգելու պատասխանատվությունը կրում է բաժանորդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր