00:00:00

Գոհ ենք վարչապետի հետ հանդիպումից. մահացած զինծառայողի հարազատներ

16:23, 26 դեկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից գոհ են դեկտեմբերի 2-ին, մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Աջամյանի հորեղբայր Ջմո Աջամյանն ասաց, որ վարչապետը խոստացել է հարցին օբյեկտիվ լուծում տալ. «Ասաց, որ անձամբ հետեւելու է գործի ընթացքին եւ հանցագործները պատասխան են տալու։ Մենք վարչապետի հետ հանդիպումից գոհ ենք։ Ասացին՝ կզանգահարեն ու կտեղեկացնեն։ Մեր բոլոր հարցերին պատասխանեց վարչապետը, շատ գոհ ենք»։ Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանն էլ ասաց, որ հանձնարարվեց տեղեկանք կազմել քրեական գործի վերաբերյալ, քանի որ կան նաեւ նախաքննության գաղտնիք համարվող տեղեկություններ, որոնք չեն կարող տրամադրվել, ըստ այդմ որոշեն՝ որը պետք է տրամադրվի, որը՝ ոչ։ Նշենք, որ հարազատները պահանջում էին գործի արդար եւ օբյեկտիվ քննություն։ Նրանց խոսքով՝ Արթուր Աջամյանի մահվան հանգամանքները կարճ ժամանակամիջոցում ՔԿ-ն կարող էր պարզել, սակայն մինչեւ հիմա նախաքննությունը շարունակվում է։ Ավելի վաղ հայտնեցին, որ Արթուր Աջամյանի հարազատները փակել էին Տիգրան Մեծի պողոտան եւ պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Հարազատներին մոտեցել էր վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը եւ հայտնել, թե Փաշինյանըն իջել է Կառավարությունից, որ հանդիպի իրենց, երբ իմացել է, որ պողոտան փակել են, հետ է գնացել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր