Գիշերը լիցքավորման դրված սմարթֆոնի մարտկոցի ռեսուրսն ավելի արագ է կրճատվում, հայտնում է Business Insider-ը:
Պարբերականի պնդմամբ՝ եթե ամբողջությամբ լիցքավորված գաջեթը մնում է ցանցային ադապտերին միացված, սա հանգեցնում է մարտկոցի քիմիական բաղադրության ավելի արագ փոփոխությանը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես դրա ծառայության ժամկետի, այնպես էլ լիցքավորման արագության վրա:
BatterieIngenieure ընկերության ներկայացուցիչ Դոմինիկ Շուլտեն պնդում է, որ մարտկոցի դեգրադացիա է տեղի ունենում, չնայած այն հանգամանքին, որ բոլոր հիմնական արտադրողները սմարթֆոնների մեջ տեղադրում են գերլիցքավորումից պաշտպանություն:
Google-ի ներկայացուցիչը Business Insider-ին հայտնել է, որ այս թեզը հնացած է՝ հաշվի առնելով արտադրության ժամանակակից տեխնոլոգիաները եւ մարտկոցների օպտիմալացումը: «Երբ սմարթֆոնի մարտկոցը հասնում է 100 տոկոս լիցքավորման, լիցքավորման սարքը փաստացի դադարում է հոսանք մատակարարել»,- պարզաբանել են կորպորացիայից:
Շուլտեն, այդուհանդերձ, նշում է արտադրողների հանձնարարականը՝ չօգտագործվող գաջեթում մարտկոցի լիցքավորումը պահել 30-50 տոկոսի սահմաններում: Նրա պնդմամբ՝ սա ապացուցում է, որ մարտկոցները «չեն սիրում» 100-տոկոսանոց լիցքավորում: