Հովտաշատում տեղի ունեցած իրադարձություններն ակնհայտորեն չեն տեղավորվում այն պատկերացումների մեջ, որոնք մենք կոչում ենք նոր Հայաստան կամ հետհեղափոխական իրականություն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ‹‹Դեմոկրատական այլընտրանք›› կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
‹‹Մի խումբ մարդիկ ներխուժում են մասնավոր տարածք, ընդ որում չկա կազմակերպված սադրանքի տպավորություն, որովհետև այդ մարդիկ չունեն որևէ օրակարգ, նրանք չեն առաջադրում որևէ պահանջներ, և ասում են սա մեր հողն է, մեր գյուղն է և այլն: Ընդ որում սադրանքի ամենաբնութագրական հատվածը այստեղ այն է, որ նրանք իրենց հետ բերել են բեռնատար մեքենաներ և ըստ էության ակցիայի նպատակը կարծես թե դառնում է ձուկ գողանալը: Երորդական, չորրորդական է, թե ում է պատկանում տարածքը, որովհետև այստեղ մասնավոր սեփականության ինստիտուտի նկատմամբ ոտնձգության փաստի հետ գործ ունենք, որը արտառոց է ոչ միայն նոր Հայաստանի համար, այլև որևէ դեմոկրատական երկրի համար:
Երեկվա դեպքը բերելու է շատ ծանր հետևանքների`տնտեսության զարգացման, ներդրումային առումով, որովհետև ևս մեկ անգամ փաստվեց, որ այս երկրում խաղի կանոններ ըստ էության չկան: Ավելին ասեմ՝ այդ մարդիկ բռնություն են գործադրել ԶԼՄ-ի հանդեպ, խոսքը ‹‹Կենտրոն›› հեռուստաընկերության մասին է:
Սա արտառոց երևույթ էր, որովհետև քաղաքական ակցիա անող մարդիկ հակառակը պետք է շահագրգռված լինեն, որպեսզի իրենց միջոցառումը հնարավորինս շատ լուսաբանվի: Այսինքն սա էլ ապացուցում է, որ մենք գործ ենք ունեցել սադրանքի հետ և սադրանքի հեղինակները`անկախ նրանից ովքեր են, իրենց առաջ նպատակ են դրել, որպեսզի հնարավորինս ոտնահարվեն նաև ԶԼՄ-ների իրավունքները››,- ասաց Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա՝ 2019 թվականը շատ տխուր էր ԶԼՄ-ների համար, որովհետև այս տարի եղավ երեք շատ արտառոց դեպք: ‹‹Տարվա ընթացքում հարձակում տեղի ունեցավ ‹‹Հայելի›› ակումբի դեմ, որը մինչև վերջ բացահայտված չէ և մեղավորները պատասխանատվության ենթարկված չեն:
Ընդամենը տասն օր առաջ հարձակում եղավ ‹‹Ժողովուրդ›› օրաթերթի դեմ, որի դեպքում իրավապահ մարմինները շատ դանդաղ են գործում և այս ամենը բերեց նրան, որ երեկ արդեն հարձակում տեղի ունեցավ ‹‹Կենտրոն›› հեռուտաընկերության հանդեպ:
Մի երկրում որտեղ ոտնձգություն է կատրվում ԶԼՄ-ների նկատմամաբ, այս պարագայում խոսել ժողովրդավարական ինստիտուտների մասին կարելի է մեծ վերապահումներով, կամ նույնիսկ չակերտներով: Ինձ համար արտառոց է այն փաստը, որ երեկվա իրադարձություններից հետո առայժմ ոստիկանությունը հաղորդում չի տվել բերման ենթարկվածների, ձերբակալվածների մասին: Ես կարծում եմ, որ եթե ‹‹ասֆալտին փռելու›› կամ ‹‹թաթիկներ կտրելու›› անհրաժեշտություն կա, ապա սրանից լավ առիթ չկա››,- ասաց Սուրեն Սուրենյանցը: