ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
ԱԺ նախագահը պատասխանողից պահանջում է վիրավորանքի եւ զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ նախապես վճարված պետական տուրքի եւ փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Սամսոնյանը գրել էր, թե ԱԺ նախագահն իր ծննդյան օրվա առթիվ մերձավորների հետ խաշ ուտելու էր գնացել եւ 290 հազար դրամ հաշիվ փակել: Գրառման մեջ Սամսոնյանը Միրզոյանին անվանել էր «պլանքյաշ»:
Դրանից հետո Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ իր տարեդարձի առիթով հարազատներին հրավիրել էր խաշի եւ ծախսել է գրեթե 290 հազար դրամ գումար։ ԱԺ նախագահը հավելել էր նաեւ, որ Սամսոնյանի գրառման մեջ առկա ստի, վիրավորանքների եւ զրպարտության համար հայց է ներկայացնելու նրա դեմ: «Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերն ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը»,- գրել էր Միրզոյանը:
Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին: