
«Ամենեւին նպատակ չունեմ ասելու, որ Նիկոլ Փաշինյանը դավադիր գործիչ է, որ ուզում է հող հանձնել, որ փորձում է պարտվողական մոտեցմամբ մեզ մտածված տանել փակուղի, բայց փաստն այն է, որ Փաշինյանի անհեռատես, ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում չմտածված եւ էմոցիոնալ հայտարարությունները վնաս են բերել հայկական կողմերի դիրքերին»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ 2019 թվականը Արցախի հիմնահարցում ևս չենք կարող համարել ձեռբերումների կամ առաջընթացի տարի:
«Տարբերությո՞ւն եք ուզում մեր եւ ձեր միջեւ. ասեմ՝ Մեր օրոք Ալիեւը հայտարարում էր, որ համանախագահները ճնշում են իրեն ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Լուկաշենկոն հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում էր տարածքներ հանձնել:
Այսօր Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, հրապարակ է նետվել ադրբեջանական համայնք» բառակապակցությունը եւ մենք տեսնում ենք, որ որեւէ առաջընթաց չկա»:
Շարմազանովը անդրադարձավ նաև երեկ կայացած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ շեշտելով. «Փաշինյանն այդ նիստում ասում է, որ ավելացել է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության մակարդակը բանակցություններում եւ նաեւ միջազգային հանրության ընկալումը, որ անհրաժեշտ է այդ ներգրավվածությունը: Հիմա հարց եմ տալիս՝ հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, ի՞նչ արձագանք եղավ միջազգային հանրությունից: Մինսկի խմբի համանախագահները խիստ քննադատեցին Նիկոլ Փաշինյանի այդ դիրքորոշումը:
Եթե մեր իշխանության օրոք, ապրիլյան պատերզմից հետո ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ բանակցությունների վերջնական փուլին անպայման պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղը, ապա այս անգամ համանախագահները քննադատեցին Փաշինյանի այդ դիրքորոշումը»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ անցնող 1,5 տարում Փաշինյանը դեռեւս չի արտաբերել ամենակարեւոր խոսքը, որ Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: