«2019 թվականը ոչ միայն չիրականացված խոստումների, այլեւ աբսուրդային հայտարարությունների եւ պետեական իսնտիտուտների վրա հարձակման տարի էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ քաղաքական առումով տարին Փաշինյանի եւ իշխող թիմի չիրականացված խոստումների տարի էր:
«Մեկ տարի առաջ րտահերթ ընտրությունների հիմնական շարժառիթը ըստ Փաշինյանի այն էր, որ ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ երկիրը զարգանա, որ լինեն ներդրումներ, որ թոշակները զարգանան, լինի ներգաղթ, որ լինի թռիչքային զարգացում եւ այլն:
Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ:Չկա ներգաղթ, ավելին, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 12 հազար մարդով պակասել է ՀՀ բնակչության թիվը: Չկան ներդրումներ, շուրջ 60 մլն դոլարով կրճատվել են ներդրումները: Չկա որեւէ տնտեսական լուրջ հեղափոխություն, ինչի մասին խոսում էր Փաշինյանը: Համեմատության համար նշեմ, որ երբ ՀՀԿ-ն թողել է իշխանությունը, մենք ունեցել ենք պաշտոնական տվյալներով, երկնիշ տնտեսական աճ՝ 10,5 տոկոս:
Այսօրվա բյուջեում դրված է 4,9 տոկոս աճ: Եթե անգամ լինի 7 տոկոս, ինչպես իրենք են կանխատեսում, ապա որեւէ թռիչքաձեւ զարգացման մասին խոսք լինել չի կարող,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ տնտեսական հեղափոխությունը միֆ է: Փոխարենը, ըստ նրա, ունենք թռիչքաձեւ զարգացում նախարարների աշխատավարձերի առումով. «Մենք ականատես եղանք տարբեր գերատեսչություններում պրեմիաների շքերթի: ԱԺ-ում, ըստ մամուլի, 10 ամսվա ընթացքում 14 անգամ պրեմիաներ են ստացել:
Մենք տեսանք չարդարացված ծախսեր՝ 350 հազար դոլար Լոս Անջելես թռչելու համար, ըստ մամուլի՝ 2 մլն դոլար կառավարական առանձնատունը վերանորոգելու համար, շուրջ մեկ մլն դոլարի հասնող էլի ծախսեր, 5 մլն դրամ կես ժամում գորգ լվալու համար եւ այլն: Սա է այն ձեռքբերումը, որ իրականացրել է Փաշինյանի կառավարությունը»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովը,ամփոփելով անցնող տարին, հայտարարեց նաև, որ 2019-ը պետական ինստիտուտների վրա հարձակման տարի էր:
Մարտի 19-ին, երբ նախօրեին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները. «Դա չբավարարեց մերօրյա բռնապետին եւ նա հաջորդ օրն անձամբ մասնակցեց դատարանների շրջափակմանը: Սա հակասահմանադրական ու հակաօրինական քայլ էր:
Սահմանադրությամբ կա իշխանությունների տարանջատման սկզբունք եւ այդ քայլով Փաշինյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իր իրականացրած քաղաքականությունը որեւէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Որեւէ իրավական երկրում գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել ոչ օրենսդիրի, ոչ էլ դատական իշխանության աշխատանքներին, առավել եւս շրջափակել դատարանները»,-ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը: