00:00:00

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կունենա նոր տնօրեն

21:59, 23 դեկտեմբեր 2019 Մշակույթ

Վերջին մեկուկես տարում մեր մշակութային ու կրթական կյանքում պարբերաբար տեղի ունեցող աղմկահարույց իրադարձությունները թույլ են տալիս եզրակացնել, որ հեղափոխությունից հետո դեռևս չի հաջողվում քիչ թե շատ կանոնակարգել վերոնշյալ ոլորտները։ Մշակութային դաշտը դեռևս անհանգիստ վիճակում է։ Կինոյում, թատրոնում, կրթության ոլորտում կան բազում կուտակված խնդիրներ, որոնց լուծման ճանապարհները այդպես էլ չեն երևում։ Թերևս պատճառներից մեկն էլ արվեստի տարբեր ճյուղեր` թատրոն, կինո, կանոնակարգող օրենքների բացակայությունն է: Խոսելով մշակույթի մասին ու, մասնավորապես թատերական կյանքի անբարեկարգ պայմաններից՝ հարկ ենք համարում անդրադառնալ մեր առաջատար ու հանրության մեջ մեծ հեղինակություն վայելող թատրոններից մեկին` Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին, որը վերջին երկու տարիներին, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ալ. Գրիգորյանի մահից հետո (2017 թ. հոկտեմբեր), «անհանգիստ» կյանքով է ապրում: Նախ` տևական ժամանակ թատրոնում թափուր էր գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, ինչը կռվախնձոր էր դարձել և տեղիք տվել տարատեսակ վեճերի ու խոսակցությունների թատրոնում և դրանից դուրս: Ի վերջո, այդ հարցը լուծվեց, և կրքերը հանդարտվեցին: Սակայն արդեն տևական ժամանակ է` մոտ մեկ տարի, ինչ թատրոնի տնօրենի աթոռը թափուր է։ Նախկին տնօրեն Ֆ. Դավթյանի պաշտոնից ազատվելուց հետո մեկը մյուսին հաջորդում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները (նախ` նույն թատրոնի դերասան Յուրի Իգիթխանյանը, որին հաջորդեց «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը)։ Ըստ մեր տեղեկությունների, թատրոնի տնօրենի մրցույթ հայտարարվել է դեռ 2019 թվականի մայիսի վերջին, սակայն այն չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով, ինչի արդյունքում նշանակվել է տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ մեր տեղեկությունների, հայտեր չլինելու պատճառներից մեկն էլ համապատասխան չափորոշիչների պահանջներ էին, որոնց ոչ բոլոր ցանկացողներն էին համապատասխանում։ Արդեն միացյալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկրորդ անգամ թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի նոր մրցույթ է հայտարարել այս տարվա նոյեմբեր ամսին։ Այս անգամ մրցույթի մասնակցության չափորոշիչները վերանայվել են։ Մեզ չհաջողվեց ԿԳՄՍ նախարարության հետ կապ ստեղծել (զանգերին պատասխանող չեղավ), իսկ թատրոնի տնօրինությունից, ցավոք, որևէ նորություն կամ տեղեկություն չհայտնեցին մրցույթի և դրան իրենց մասնակիցության մասին: Այնուամենայնիվ մեզ հաջողվեց պարզել, որ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, արվեստի, կրթության և հանրային կառավարման այլ ոլորտներում գործունեություն ծավալած Վարդան Գրիգորյանը, ում հետ ունեցանք փոքրիկ հարցազրույց։ Պարզվեց, որ նա 8 տարի շարունակ աշխատել է նախկին մշակույթի նախարարության համակարգում, իր ներդրումն ունեցել մշակութային կյանքում, մասնավորապես թատերարվեստի ոլորտում։ 2009-2014 թվականներին մշակույթի նախարարությունում Վ. Գրիգորյանը համակարգել է թատերարվեստի բնագավառը, այնուհետև 2014-ից եղել է Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, սակայն 2017 թվականի հոկտեմբերից` պայմանագրի ժամկետի ավարտից հետո մինչ օրս ինքն այլևս չէր կարողանում մասնակցել թատրոններում տնօրենների մրցույթներին արհեստական խոչընդոտների պատճառով: Նա նշեց, որ թատերարվեստի ոլորտում իր ութամյա ոլորտային քաղաքականության ու պրակտիկ աշխատանքային փորձառությունը հնարավորություն է տվել խորքով ճանաչել այդ բնագավառի խնդիրներն ու նրբությունները, կառավարման առանձնահատկությունները: Խոսելով Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի մասին` գրականագետն ասաց, որ թատրոնը առանձնանում է իր հարուստ ավանդույթներով, ուրույն «ձեռագրով», կարևոր է նրանով, որ իր գեղագիտական ու լեզվական ուղղվածությամբ հայ-ռուսական մշակութային-բարեկամական կապերի հրաշալի կամուրջ է, անգամ միջպետական հարաբերություններում ունի իր ուրույն տեղը: Ուղղակի պետք է ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր որակի բարձրացնել: Ինչ վերաբերում է թատրոնի ապագային ու զարգացմանը միտված իր ներկայացրած ծրագրին՝ Վարդան Գրիգորյանը նշեց, որ շատ է կարևորում ցանկացած աշխատանքային միջավայրում առողջ հարաբերությունները տնօրենի ու աշխատակազմի միջև, ու եթե մրցույթը կայանա կամ հաղթի այդ մրցույթում, անելու է ամեն հնարավորը, որ թատրոնում լինի ներդաշնակ, համերաշխ ու աշխատանքի հանդեպ նվիրված վերաբերմունք։ Նա հավելեց, որ ինքը նախատեսում է նորագույն տեխնիկայով համալրել թատրոնը, ներդնել էներգոխնայող համակարգ, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա ներկայացումների որակը և թատրոնը ավելի գրավիչ կդառնա այլ ստեղծագործական խմբերի համար: Նա համոզված է, որ թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի ու հրաշալի ստեղծագործական կազմի շնորհիվ թատրոնը նոր նվաճումներ կունենա, կարձագանքեն հանրային կյանքը հուզող խնդիրներին ու թեմաներին, իսկ գրագետ ու ճկուն կառավարման շնորհիվ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ճանաչելիությունը դուրս կգա Հայաստանի սահմաններից (ՌԴ-ում թատրոնը ճանաչված է վաղուց) ու մենք կունենանք մեր արվեստն ու մշակույթը աշխարհով մեկ տարածելու յուրովի հնարավորություն, որը նաև իր տեսլականն է։ Հեռու չէ այն օրը, երբ կկայանա մրցույթը: Դեկտեմբերի 26-ին պարզ կդառնա, թե Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը վերջապես կունենա՞ նոր տնօրեն, թե ոչ: Համենայնդեպս, մենք կհետևենք իրադարձությունների հետագա զարգացմանը և կիրազեկենք հանրությանը արդյունքների մասին: Լիլիթ Բոխյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր