Լրատվամիջոցներից մեկն այսօր հոդված է հրապարակել «Տավուշ» ՋՕԸ մասին, որտեղ մի շարք սխալ մեկնաբանություններ են ներկայացված։ Մասնավորապես, փորձ է արվում նույն ընկերության Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանի՝ աշխատանքից ազատվելու առաջարկը կապել աշխատակիցների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված դիմումին։ Դիմումով նրանք աջակցություն են խնդրել վարչապետից, որպեսզի իրենց վճարվի վերջին ամիսների աշխատավարձը: Հոդվածագիրը գրում է․ «այս դիմումից հետո ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը պահանջել է «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանից՝ աշխատանքից ազատվելու դիմում գրել»:
Այստեղ գործ ունենք փաստերի ակնհայտ խեղաթյուրման հետ, քանի որ Գ․ Վերանյանին աշխատանքից ազատվելու առաջարկ է եղել՝ վարչապետին դիմելուց շատ ավելի վաղ և ամենևին էլ ոչ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանի պահանջով կամ հորդորով, այլ՝ իր անմիջական ղեկավարի կողմից։ Կրկին հիշեցնում ենք, որ ՋՕԸ-ները ինքնավար, հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող ընկերություններ են և Ջրային կոմիտեն միայն աջակցող գործառույթներ ունի այս ընկերությունների նկատմամբ, հետևաբար չէր կարող միջամտել ՋՕԸ տեղամասի կամ այլ ստորաբաժանման կադրային հարցերին։ Այլ հարց է, որ կոմիտեում էլ են տեղյակ եղել Նոյեմբերյանի տեղամասի պատասխանատուի՝ մեղմ ասած, անարդյունավետ գործունեությունից։ «Տավուշ» ՋՕԸ գործադիր տնօրեն Յուրա Ոսկանյանը, Ջրային կոմիտեում պարբերաբար կազմակերպվող՝ ընկերությունների մասնակցությամբ խորհրդակցություններին հաճախ է խոսել տեղամասի պետի ոչ պատշաճ աշխատանքից և ինքն էլ առաջարկել նրան՝ դիմում գրել, հեռանալ։
Այս մասին է վկայում նաև վերջին օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված՝ օգտատեր Սուսաննա Մարտիրոսյանի դժգոհությունը, որով քաղաքացին անդրադառնում է Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ համայնքում բարերարությամբ կառուցվող ոռոգման համակարգին, որին աջակցելու փոխարեն, անընդհատ խոչընդոտել է Գ․ Վերանյանը, սաբոտաժներ կազմակերպել։ Ծրագիրը համակարգող քաղաքացին հրապարակային դիմել է ՀՀ վարչապետին, Ջրային կոմիտեին, դժգոհել տեղամասի պետի պահվածքից։ Այսքանից հետո մնում է հորդորել Գ. Վերանյանին և իր պես մտածող մարդկանց, որ չփորձեն խնդիրներ լուծել շահարկումների միջոցով, աշխատանքային հարաբերությունների մեջ առավել ևս չշահարկեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը և իրավիճակը ներկայացնեն այնպես, ինչպես եղել է։ Մարդը կարող է աշխատանքը կորցնել ոչ թե ՀՀ վարչապետին դիմելու համար, այլ՝ վատ աշխատելու։
Ի դեպ, նույն՝ չվճարված աշխատավարձերի խնդիրը լուծելու համար ՏԿԵՆ ջրային կոմիտեն արդեն իսկ դիմել է ՀՀ կառավարության աջակցությանը, որպեսզի այն կարգավորվի ոչ միայն «Տավուշ» ՋՕԸ, այլև նման խնդիր ունեցող մյուս ընկերությունների համար ևս։
Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոն