Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի ունեցած փլուզման ականատեսներից է 18-ամյա Գեւորգը: Զինվորական ծառայության համար զննման եկած երիտասարդը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ շենքի ներսում մոտ 40 հոգի են եղել, երբ հատակը փլուզվել է, ու անմիջապես չեն հասկացել, թե ինչ է կատարվում: «Մի ակնթարթ էր, բան չհասկացանք. կարծես գետինը բացվեր, անցնեինք տակը: Շոկային էր»,- պատմեց Գեւորգը:
Գեւորգը պատմեց, որ ներկաներից 12 հոգին են վիրավորել: «Մեկի մոտ գլուխն էր վնասվել, մյուսի մոտ ոտքն էր կոտրվել, բայց առանձնակի լուրջ խնդիր կարծես թե ոչ մեկի մոտ չկար: Մեզ հետ էին նաեւ ապագա զինվորների մայրեր, որոնք իրենց որդիների հետ միասին ներսում էին»,- նշեց դեպքի ականատեսը:
Մեր այցելության ժամանակ N1 Զինվորական կոմիսարիատի դարպասները փակ էին, ոստիկանությունը հսկողություն էր իրականացնում՝ թույլ չտալով որեւէ մեկին մտնել դարպասներից ներս:
Հիշեցնենք՝ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Բոլոր տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Armtimes.com