00:00:00

Իսպանիայի թագավորը առաջարկել է Սանչեսի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում

17:55, 12 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) առաջնորդ Պեդրո Սանչեսի թեկնածությունն առաջարկել է կառավարության նախագահի պաշտոնում, այն պետք է հաստատի խորհրդարանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Նորին գերազանցությունն թագավորը պատգամավորների կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների (որոնք ցանկություն էին հայտնել մասնակցել հանդիպմանը) հետ խորհրդակցությունների ավարտից հետո, սահմանադրությանը համապատասխան, ինձ տեղեկացրեց իր որոշման մասին՝ առաջարկել Պեդրո Սանչեսին որպես կառավարության նախագահի թեկնածու»,- ասել է պատգամավորների կոնգրեսի խոսնակ Մերիչել Բաթետը։ Այժմ Բաթետը պետք է նշանակի քննարկան եւ քվեարկության օրը։ Սանչեսը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ ընդունել է թագավորի առաջարկը։ Երեքշաբթի եւ չորեքշաբթի Ֆելիպե VI-ը բանակցություններ է վարել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք խորհրդարան են անցել նոյեմբերի 10-ի ընտրությունների արդյունքներով։ Չորս կուսակցությունների ներկայացուցիչներ հրաժարվել են մասնակցել խորհրդակցություններին՝ «Կատալոնիայի ձախ հանրապետականները», բասկյան ձախ արմատական Bildu կուսակցությունը, կատալոնյան ձախ արմատական «Ժողովրդական միասնության թեկնածությունը» եւ ձախ գալիական ազգայնական դաշինքը։ Նոր գումարման կոնգրեսում ներկայացված է 16 կուսակցություն՝ ամենամեծ թիվը Իսպանիայի պատմության մեջ դեմոկրատիայի անցնելուց հետո։ Իսպանիայում նոյեմբերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, չորս տարում չորրորդը եւ երկրորդ արտահերթը 2019-ին։ Հաղթանակ տարավ Իսապանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, բայց այն փաստորեն պահպանեց իր նախկին ներկայացվածությունը պատգամավորների կոնգրեսում։ Ապրիլյան ընտրությունների արդյունքներով այն ուներ 123 մանդատ, նոյեմբերի 10-ի ընտրությունների արդյունքներով՝ 120։ ԻՍԱԿ առաջնորդի՝ վարչապետի պաշտոնում հաստատման համար առաջին փուլում անհրաժեշտ է պատգամավորների կոնգրեսի բացարձակ մեծամասնությունը՝ 350 ձայնից 175-ը։ Երկրորդ փուլում հաստատվելու համար բավական է պարզ մեծամասնությունը։ ԻՍԱԿ-ը եւ Unidas Podemos ձախ կոալիցիան նոյեմբերի 12-ին նախնական համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ։ ԻՍԱԿ-ը եւ Podemos-ը միասին 155 տեղ ունեն, մի քանի փոքր կուսակցություններ նույնպես պատրաստ են աջակցել Սանչեսին։ Բայց այդ ձայները բավական չեն։ Սոցիալիստների առաջնորդի թեկնածության հաստատումը կախված է այն բանից, թե ինչպես կքվեարկեն «Կատալոնիայի ձախ հանրապետականները», որոնք նոր խորհրդարանում 13 մանդատ ունեն։ Առայժմ ԻՍԱԿ եւ ձախ հանրապետականների բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Որպես Սանչեսին աջակցելու պայման ձախ հանրապետականները պահանջում են բանակցություններ վարել կատալոնյան կոնֆլիկտի վերաբերյալ, որը նրանք համարում են քաղաքական, Իսպանիայի կառավարության եւ ինքնավար ընկերակցության մակարդակով, առանց քննարկվող թեմաների որեւէ սահմանափակման, սահմանել այդ բանակցությունների ժամկետը եւ երաշխավորել պայմանավորվածությունների կատարումը։ Ավելի վաղ Իսպանիայի կառավարությունը հայտարարել էր. Սանչեսը կարող է հաստատվել մինչեւ տարեվերջ, բայց սոցիալիստների եւ ձախ հանրապետականների ձգձգվող բանակցությունների պատճառով այդ տարբերակը այնքան էլ հավանական չի թվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր