ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երեւան քաղաքում կատարված առերեւույթ գողությունների մի շարք դեպքեր: Մեկ անձ կալանավորվել է:
Նախնական տվյալներով՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը, Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կոտրելով ավտոմեքենաների ապակիները՝ կատարել է գողություն:
Իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երեւան քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված անձի կողմից նմանատիպ այլ հանցավոր դրսեւորումները բացահայտելու, հնարավոր հանցակիցներին պարզելու ուղղությամբ: