00:00:00

Էրեբունիում հնչած կրակոցների ոդիսականը․ մութ սենյակում կատու չփնտրել, հատկապես, որ այն չկա

16:04, 27 նոյեմբեր 2019 Իրավական

2019 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող գրասենյակի ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակելու վերաբերյալ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրություններից հետո մամուլում չեն դադարում մտացածին եւ իրականության հետ աղերս չունեցող դատողությունները։ Երեւանում հնչած կրակոցներին որոշ շրջանակներ տարբեր աստառներ են հաղորդում։ Նախ լրատվամիջոցներից մեկում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ հնչած կրակոցները արձակվել են քրեական հեղինակություն ունեցող Արամ Վարդանյանի, (հանրությանը հայտնի Վստրեչի Ապեր մականունով) մերձավորների կողմից։ «Այս պահի դրությամբ չկան տվյալներ, թե անձամբ Վարդանյանն այնտեղ եղե՞լ է, թե՞ ոչ, մեր աղբյուրը փոխանցեց՝ «Իր տղերքն են եղել»»,- գրել էր Հրապարակը, հավելելով, որ իրենց հաջողվել է կապվել Արամ Վարդանյանի հետ։ Վարդանյանը լրատվամիջոցին ասել է․ «ես տղերք չունեմ», հետո ավելացրել, որ ունի մեկ տղա, անունը՝ Կարեն։ «Չեմ հասկանում տղաներ ասածն ինչ է։ Գաղափար չունեմ ընդհանրապես՝ ինչի մասին եք գրում, ինչ է տեղի ունեցել, ով ում է կրակել։ Ես նույնիսկ երկրում չեմ եղել, երկու օր առաջ եմ ժամանել Հայաստան»,- ասել է Վարդանյանը։ Այսօր արդեն Իրավունք թերթն էր հրապարակել տեղեկություններ այն մասին, որ այդ գրասենյակը նախկինում եղել է բնակելի տուն, որտեղ բնակվել է մի տղամարդ, ով Վարդանյանի ձեռքի տակ է աշխատել: Տղամարդն ունեցել է մեծ պարտքեր, վարկերի տակ է ընկել, եւ չդիմանալով այդ ամենին՝ ինքնասպան է եղել իր տան մեջ՝ պարանով կախվելու միջոցով: Ուշագրավն այն է, որ թերթն իր համանուն կայքից արդեն իսկ հեռացրել է տվյալ հրապարակումը, ըստ էության թերթում հրապարակելուց հետո իրական տեղեկություններ են ստացել, որ ավելի վաղ իրենց աղբյուրը մեղմ ասած սխալվել է, այդ կերպ մոլորության մեջ գցելով լրատվամիջոցին, որն էլ իր հերթին առանց ստուգելու տեղեկությունը մատուցել է հանրությանը։ Ի դեպ թերթի այս հրապարակումը, որպես մամուլի տեսություն արտատպել են որոշ ԶԼՄ-ներ, որոնցից մի քանիսը սկզբաղբյուրի հեռացնելուց հետո, հրապարակումը հեռացրել են, որոշները՝ դեռեւս ոչ։ Մենք փորձեցինք կապ հաստատել Արամ Վարդանյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկին մեկնաբանություն տվել է, եւ որեւէ ավելացնելու բան չունի։ Արամ Վարդանյանը կրկնեց, որ նոր է վերադարձել Հայաստան, եւ որեւէ տեղեկատվության չի տիրապետում: Այս ամենի համատեքստում ուշագրավ է, որոշ անհատների շահագրգռվածությունը Երեւանում հնչած կրակոցների ֆոնին՝ կրակից շագանակներ հանելու։ Փորձը կարող է ոչ միայն անհաջող լինել, այլեւ՝ վտագավոր։ Ի վերջո կրակի հետ խաղալու նուրբ արվեստին տիրապետել է պետք, եւ մութ սենյակում կատու չփնտրել, հատկապես, որ այն չկա։ Հ․Գ․ Հույս ենք հայտնում, որ իրավապահները արագ կբացահայտեն տեղի ունեցած կրակոցները, հայտնաբերելով եւ պատժելով մեղավորներին, այդ կերպ վերջ դնելով տարբեր մտացածին «վերլուծություններին»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր