«Գևորգ Կոստանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավվելու մասին»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Հարցին, թե արդյո՞ք մարտի մեկի գործով մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարելու՝ Խաչատրյան նշեց, որ անձը որպես մեղադրյալ ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համադրությունը՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար:
Հարցին, թե կարո՞ղ է երաշխավորել, որ արդարադատությունը նրանց կհասնի, Սասուն Խաչատրյանը հարցով պատասխանեց. «Իսկ դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ արդարադատությունը նրանց կհասնի: Որևէ մեկը կարո՞ղ է նման երաշխիքներ տալ, որ նրանք անպայման կհայտնաբերվեն: Ես միայն կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ կանենք դրա համար: Եվ վարույթ իրականացնող մարմինը հետախուզում հայտարարող մարմին չէ: Հետախուզում իրականացնող մարմինը ոստիկանությունն է»:
Հաջորդ հարցին, թե մարտի մեկի գործով սա հերթական անձն է, ով փաստորեն մեղադրյալ է ներգրավվում, բայց չի պատրաստվում Հայաստան գալ, արդոք դա խնդի՞ր է քննության համար, նա պատասխանեց. «Իհարկե, խնդիր է»:
Հավելենք, որ ավելի վաղ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հնարավոր է հայտարարվի հետախուզում։