ՀՀ նախագահի աշխատակազմը՝ նախագահ Արմեն Սարգսյանին եւ նրան ուղեկցող պատվիրակությունների համար տեղական եւ օտարերկրյա այցերի համար ընթացիկ տարում արդեն իսկ ծախսել է 118 միլիոն 979 հազար ՀՀ դրամ։ Այս մասին Irakanum.am-ին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակամից ի պատասպան մեր գրավոր հարցման։ Նախագահականից հայտնել են, որ Հանրապետության նախագահի պետական, պաշտոնական եւ աշխատանքային այցերը, նաև՝ տեղական այցերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին եւ պետական գնումների համար օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով: Հանրապետության նախագահի որոշ աշխատանքային այցերի դեպքում գործուղումների ծախսերը իրականացվել են նաև նախագահի անձնական միջոցների հաշվին:
Մենք գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ընթացիկ տարում Արմեն Սարգսյանը, քանի տեղական եւ օտարերկրյա այց է կատարել։ Աշխատակամից այս հարցի վերաբերյալ հստակ պատասխան տալու փոխարեն, հղում են արել նախագահականի պաշտոնական կայքին։ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա ու տեղական այցերի թվի եւ բովանդակության մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի համապատասխան բաժնից, որը մշտապես թարմացվում է»,- ասված է գրավոր պատասխանում։
Ինչ վերաբերում է մեր հաջորդ հարցին, թե՞ Արմեն Սարգսյանի տեղական քանի այց է կատարել ուղղաթիռով, եւ որքա՞ն գումար է ծախսվել, նախագահի աշխատակամից բացարձակ չեն պատասխանել։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայողական գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 2019 թվականին ՀՀ նախագահի և նրան ուղեկցող պատվիրակությունների գործուղման համար նախատեսված է 122 միլիոն 500 հազար ՀՀ դրամ, որից փաստացի արդեն ծախսվել է 118 միլիոն 979 հազար ՀՀ դրամը:
Irakanum.am