ԱԱԾ շենքի դիմաց «Ռեստարտ» նախաձեռնությունը հավաք էր կազմակերպել: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս:
«2018թ-ի ապրիլին համընդհանուր բողոքի արդյունքում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն, որի գլխավոր, հիմնական նպատակներից մեկը պետք է լիներ Հայաստանում ժողովրդի արժանապատվության վերականգնումը։
Մենք վստահ ենք, որ առանց պետական ինստիտուտների նկատմամբ վստահության Հայաստանում հեղափոխությունն ավարտված լինել չի կարող։
Մենք շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովուրդը վախենում է»,-այս մասին հայտարարեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Նրա համոզմամբ՝ հայ հանրությունը շարունակում է անվստահություն ունենալ մեր երկրի իրավապահ ինստիտուտների նկատմամբ, իսկ առանց վստահության՝ թավշյա հեղափոխությունը ավարտված լինել չի կարող: Պետրոսյանի խոսքով՝ քաղաքացիների մոտ շարունակում է մնալ մտահոգությունը, որ ուժային կառույցները լսում են իրենց հեռախոսները, եւ շարունակում են չբացահայտված մնալ այն անձինք, որոնք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին հայհոյանքներ հնչեցնելու համար աղբարկղը գցելու գործողությունն ամենասկզբից տեսանկարահանել են․
«Չեն բացահայտվում մարդիկ, որոնք նկարահանել են մեր այդ գործողությունը, երբ Նարեկ Մալյանին մեր ծնողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար փորձում էինք նետել աղբարկղը, եւ կասկածելի է, որ իրավապահները սպասում էին մեր այդ գործողությանը։ Կասկածելի է նաեւ, որ Մալյանի այդ վարքագիծն անարձագանք մնաց»։
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր երկրներում, որտեղ հեղափոխություն է լինում, կարեւոր է, որ նախկին ավտորիտար ռեժիմին ծառայած իրավապահ կառույցները եւս փոփոխության ենթարկվեն: Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ պատրաստվում են հերթով հանդիպել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, նրանց հետ բաց քննարկումներ ունենալ։ Առաջին հանդիպումը կլինի վաղը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։