«Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից՝ արտահոսքի համար:
Այս առնչությամբ, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցն իր Facebook-ի էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.
«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի եւ նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երեւանում գործում է 2006 թվականից եւ վայելում է երեւանցիների եւ քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարեւորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է:
Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները եւ կրկին անգամ ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչպես է իր ծննդյան օրը խաշկերույթ կազմակերպել եւ 290 հազար դրամի հաշիվ փակել։ Մինչ այդ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում ԱԺ նախագահի ծննդյան օրվա խնջույքի մասին։