Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չէր մտածում, որ այսքան երկար կմնա իշխանությունում։ Այս մասին նա ասել է Լայպցիգում տեղի ունեցող Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարում, տեղեկացնում է AP-ը։
Նա նշել է, որ 2005 թվականից գործազրկությունը Գերմանիայում հասել է ռեկորդային ցածր մակարդակի, եւ երկրում հաջողվել է հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Միեւնույն ժամանակ, Մերկելը նշել է, որ աշխարհը բախվում է նոր մարտահրավերների, ինչպիսին են թվային տրանսֆորմացիան եւ պայքարը կլիմայի փոփոխության դեմ, եւ ՔԴՄ-ն պետք է նայի ապագային՝ նոր ճնշումները հաղթահարելով, ինչպիսին են «Ռուսաստանի ագրեսիան» եւ ԱՄՆ-ի հետ առեւտրային վեճերը։ «Մենք պետք է վաղվա օրվա աշխարհի համար լուծումներ գտնենք եւ ապահովենք, որպեսզի ՔԴՄ-ն լինի Գերմանիայի ուժեղ կենտրոնի կուսակցություն», նշել է նա։
Մերկելը նաեւ ընդգծել է, որ Գերմանիան չպետք է բացառի որեւէ ընկերություն 5G բջջային ցանցի ստեղծման պայմանագրերից։
ՔԴՄ-ից որոշ օրենսդիրներ ցանկանում են, որպեսզի Huawei չինական ընկերությունը հանվի հաջորդ սերնդի ցանցի ստեղծման մրցույթներից՝ կիսելով ԱՄՆ մտահոգությունը, թե Չինաստանը ընկերությունը կօգտագործի լրտեսության համար։