Իրանի իշխանությունները հինգշաբթի մասամբ վերականգնել են ինտերնետի հասանելիությունը երկրի հարավի Հորմոզգան նահանգում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ISNA գործակալությանը։
Նրա տվյալներով՝ տեղի բնակիչները կարողացել են միանալ օտարերկրյա սոցցանցերին եւ մեսենջերներին։ Երկրի այլ շրջաններում ինտերնետի հասանելիության վիճակի մասին տեղեկություն առայժմ չկա։
Իրանում ինտերնետի հասանելիությունն արգելափակվել էր նոյեմբերի 16-ին բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի ալիքից հետո։ Միեւնույն ժամանակ, սահմանափակ ռեժիմով բանկերի որոշ օնլայն-սերվիսներ եւ մի շարք լրատվամիջոցներ ինտերնետի հասանելիություն ունեին։
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին չորեքշաբթի ISNA-ին տեղեկացրել էր, որ իշխանությունները նախատեսում են հասանելիությունը վերականգնել «ամենամոտ ժամանակներս»։
Նոյեմբերի 5-ին Իրանում ուժի մեջ մտավ երկու անգամ՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտ 0,2 դոլար) բենզինի գների բարձացման մասին կառավարական կարգադրությունը։ 50 տոկոսով (մինչեւ 15 հազար ռիալ) բարձրացել է բենզինի արտոնյալ արժեքը մեկ մարդու քվոտայի հաշվով։ Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, բախումներ ոստիկանության հետ։ Ցուցարարները այրեցին բանկերի գրասենյակներ եւ ավտոլցակայաններ։ Անկարգություններ գրանցվեցին հարյուրավոր բնակավայրերում։ Տեղի եւ արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ անկարգությունների ընթացքում զոհվել են տասնյակից մինչեւ հարյուրավոր մարդիկ, կան տուժածներ։