Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Դատական օրենսգրքում, Սահմանադրական դատարանի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց՝ սա Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված հերթական գործողությունն է, որը միտված է անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ և արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականին։ Նախագծի հիմնական նպատակն է ապահովել արդյունավետ ու համալիր իրավական հիմքեր՝ դատավորների բարեվարքության համար հետևյալ ուղղություններով՝ գույքային դրության ստուգում, հարգանք և արհեստավարժություն մարդու իրավունքների նկատմանբ, անկողմնակալություն, որոշակի կապերից ու ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն։ Հարակից փաթեթով լուծումները կտարածվեն նաև այլ հայտարարատու անձնաց բարեվարքության գործընթացների վրա, ասաց նախարարը։
Դատավորների բարեվարքության գնահատման առաջարկվող կառուցակարգը որդեգրել է հետևյալ սկզբունքները՝ բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ։ Փոխարենը գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և, ըստ նախարարի, դատավորները մշտապես անցնելու են նման գնահատում։ Բարեվարքության գնահատման համար ոչ թե ստեղծվելու է նոր մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու Բարձրագույն դատական խորհուրդը։
«Փաթեթով առաջարկվող հիմնական բարեփոխումներն են՝ հստակեցվել են դատավորների վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Մասնավորապես, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը։ Օրինակ՝ նախագծով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոններ սահմանել նաև գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, ինչպես նաև գույքի փոփոխության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով»,- մանրամասնեց Ռուստամ Բադասյանը։