Իսկ եթե ավելի խորը գնանք, եկեք հասկանանք, թե սա որտեղից առհասարակ եկավ: Երբ մարդն իր խնդիրների լուծումը, արդարություն ու արդարադատություն չի տեսնում պետական ինստիտուտների մեջ, ինքը փնտրելու է, և խնդիր լուծող ալտերնատիվ ինստիտուտները ծնվելու են: Բայց եթե ինչ-որ ժամանակ դա եղել է ակտուալ, մենք ասում ենք՝ այլևս ակտուալ չէ, պետություն պետության մեջ մենք չենք ունենալու, և մարդու խնդիրները լուծելու է պետությունը՝ ի դեմս իր ինստիտուտների»,- ասաց նա:
Ըստ «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ համալիր գործողություններ պետք է արվեն: Երեկ խորհրդարանը քննարկել է միայն նախագիծը, բայց նաև երկրում ընդհանուր մթնոլորտը պետք է փոխվի: «Դրա փոփոխության լավագույն միջոցը այն քաղաքական խոսքն է, որն այսօր հնչում է կառավարող ուժից: Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ օրենքները պետք է դառնան ներհասարակական հարաբերությունները կարգավորող նոր ավանդույթները: Այսինքն՝ նաև հանրային պախարակում ու մերժում պետք է լինի ալտերնատիվ եղանակով խնդիրների լուծման: Նաև Մարդու իրավունքների ռազմավարության մեջ, որը շրջանառության մեջ է դրվել, ֆիքսված է, որ կմշակվեն չափորոշիչներ, ըստ որի՝ հեռուստաեթերում բռնություն քարոզող նյութերի համար ժամեր կսահմանվեն»,- ասաց նա:
Ըստ Մարիա Կարապետյանի՝ ինչ-որ ենթամշակույթի մասին ֆիլմ նկարելը դեռևս չի մտնում Քրեական օրենսգրքի այս հոդվածի մեջ: «Բնականաբար, սպանության մասին ֆիլմ կարող է լինել, դա չի նշանակում, որ այդ ֆիլմը քրեական հոդվածի տակ է ընկնում, պարզապես մենք կարող ենք կանոնակարգել, թե ինչ ժամերի դա կարող է եթեր գնալ»,- հավելեց Մարիա Կարապետյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավելեց, որ հեռուստաընկերությունները պնդում են, որ այդ ֆիլմերն ու հաղորդումներն են իրենց գովազդ ու դիտում բերում: Դա, ըստ պատգամավորի, կամաց-կամաց պետք է վերանա, մշակույթի փոփոխություն պետք է լինի: Նա համեմատեց՝ հիմա ինչ երաժշխտություն է հնչում տոնական օրերին հանրային վայրերում, և մի քանի տարի առաջ ինչ երաժշտություն էր հնչում: «Թվում է, թե այս քայլերը փոքր քայլեր են, բայց ճաշակ ձևավորող են: Եվ կամաց-կամաց այդ ճաշակը պետք է ձևավորվի, այսինքն՝ մեզ պետք է մշակութային փոփոխություն: Իսկ այդ փոփոխությունը հնարավոր է կրթական համակարգի, մամուլի, մնացած բոլոր գործիքների միջոցով»,- ասաց Հովհաննիսյանը: