ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գյումրու ավտոմաքսատան հերթերի նշեց, թե մեքենաների կուտակումներն ավելի շատ կապված են առևտրային բանկերի գործունեության հետ. «Արարատ բանկի» մեր գործընկերները, որ նոր մասնաճյուղ էին բացել այնտեղ, ցավոք սրտի, մեկ մասնաճյուղ էր և ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում»,-նշեց Անանյանը՝ հաստատելով նաև այն տեղեկությունները, որ քաղաքացիները հերթեր են վաճառում միմյանց. «Այո, մեր քաղաքացիներն իրենց հնարամտությունը ևս կիրառում էին. նոր բիզնես էին մտածել, մեքենաներով գալիս էին, համարները հանում էին, գիշերը կանգնում էին հերթ, առավոտյան վաճառում էին իրենց հերթն այլ անձանց:
Մենք ահազանգեցինք ոստիկանության մեր գործընկերներին և ոստիկանությունը շատ արագ կարգավորեց այդ խնդիրը: Հիմա կարծում եմ՝ այդպիսի բան չկա»: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց նաև, որ նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբ ավտոմաքսատան գործառույթն ամբողջությամբ տեղափոխված կլինի հյուսիսային ավտոմաքսատուն։ «Դեկտեմբերի սկզբին նաև պլանավորում ենք, որ Հյուսիսային մաքսատուն վարչության տարածքից ևս գործառույթը տեղափոխել նորակառույց մաքսատուն»,-նշեց ՊԵԿ նախագահը։