2008 թվականի մարտյան իրադարձությունների գործով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսով հանդես եկան՝ ներկայացնելով գործին վերաբերող վերջին զարգացումները:
Նրա պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը սիմվոլիկ է: Հեղափոխություններից հետո մատաղի, մարդազոհության անհրաժեշտություն է լինում: «Հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանը դրա կարիքն ունի: Նա ցանկանում է ուշադրությունը գրավել անձի վրա»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` գնահատական տալու Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը:
Մակրոնը, ըստ փաստաբանի, օրեր առաջ գրավոր պատասխանել է նամակին, որում նշված է եղել. «Վստահ եղեք, որ Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»,-ասաց Թորոսյանը: Փաստաբանի պնդմամբ՝ Հայաստանում դատավորները վարչապետի համար անցանկալի որոշում կայացնելու դեպքում ենթարկվում են ճնշումների: Այս դեպքում, ըստ նրա, դատարանների անկախության սկզբունքի մասին խոսելն ավելորդ է:
« Եթե դատավորները կայացնում են ոչ վարչապետի ցանկությամբ որոշում, երեք բան է արվում նրանց հանդեպ` խուզարկություն, քրեական գործ և հեռացում: Վստահ եմ` Հայաստանի բոլոր դատավորներն աղոթում են, որ մեծ գործերով չզբաղվեն, որովհետև եթե դրանք վերաբերում են վարչապետի երևակայած թշնամիներին, դատավորները պետք է մեծ քաջություն ունենան`ասելու համար, թե, օրինակ, Քոչարյանի կալանավորումն անարդար է»,-ասաց փաստաբանը: