ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ինստագրամի իր էջում լուսանկար էր հրապարակել՝ «Գնում ենք Արցախ» վերտառությամբ։ Այդ օրը Արցախում տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը։ Հարսանիքին մասնակցելու նպատակով ԼՂՀ էին մեկնել իշխանական այլ ներկայացուցիչներ եւս։
Նույն օրը մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ վարչապետը մասնավոր միջոցառման է մեկնել ուղղաթիռով։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նույն օրը հերքեց այդ տեղեկությունները, հայտարարելով, որ վարչապետը ավտոմեքենայով է մեկնել Արցախ։
Irakanum.am-ը ՀՀ կառավարություն գրավոր հարցում էր ուղարկել, պարզելու համար, իրականում վարչապետի՝ Արցախ վերջին այցը մասնավոր է եղել, եթե ոչ, ինչ բնույթի հանդիպումներ են տեղի ունեցել, եւ որքան գումար է ծախսվել։ Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանի այցը կրել է մասնավոր բնույթ, սակայն այդպես էլ չեն հայտնել, թե որքան է կազմել այցի ծախսերը, գիշերակացը եւ ճանապարհածախսը։
Հարցմամբ նաեւ փորձել էինք պարզել, թե արդյո՞ք ՀՀ վարչապետի աշխատանքային եւ պաշտոնական այցերը լուսաբանելու, ինչպես նաեւ ուղիղ եթերով հեռարձակելու հարմար թարմացվել է տեխնիկական բազան։ Բացի այդ ուղիղ եթերների ապահովման համար ի՞նչ տեխնիկական միջոցներ են ձեռք բերվել, հարցմամբ փորձել էինք պարզել, խնդրելով ներկայացնել դրանց արժեքը։
Կառավարությունից մեր այս հարցի վերաբերյալ հետեւյալ հայտնել են, որ պետական գնումները հրապարակված են պաշտոնական կայքում, բացի գաղտնի դրոշմագրի ներքո իրականացվող գնումներից։
Մինչդեռ մեր տեղեկություններով կառավարությունը Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներն ապահովելու համար թարմացրել է կառավարության լրատվականի տեխնիկական բազան։ Մասնավորապես, ձեռք են բերվել իրադարձության վայրից ուղիղ եթերի հեռարձակումն ապահովող սարքավորումներ։ Նախկինում, եթե վարչապետի ուղիղ եթերները լինում էր հեռախոսով՝ օգնականի միջոցով, ապա այժմ ուղիղ եթերներն ապահովում են օպերատորները՝ պրոֆեսիոնալ տեսախցիկներով։ Այս փոփոխությունը զգալի է նաեւ վարչապետի լայվերի կադրի որակից, ինչպես նաեւ ռակուրսի փոփոխությունն է վկայում այն մասին, որ մի քանի տեսախցիկ է աշխատում։ Նախկինում ուղիղ եթերներն ապահովում էին Հանրային ՀԸ-ի տեխնիկական միջոցներով, այժմ կառավարությունն իր սեփականը ունի, որի գնման ծախսերը գաղտնի են պահում։
Ըստ էության կառավարությունը չի հերքել մեր տեղեկությունները, պարզապես հրաժարվել է ծախսերի արժեքը նշել։