Դատախազությունը հաստատել է, որ Դևիդ անունով տղամարդը ստիպել է երիտասարդ աղջիկներին հոսանքահարել իրենց ոտքերը և Skype տեսաձայնային ծառայության միջոցով հետևել է այդ գործընթացին։ Այժմ տղամարդու դեմ մահափորձի 88 հայց է ներկայացված։ Տուժողների թվում նաև դեռահասներ կան։
Ինչպես հայտնի է դարձել, Դևիդը ներկայացել է իբրև հետազոտություններ իրականացնող գիտնական և համոզել է երիտասարդ աղջիկներին հոսանքահարել իրենց ոտքերը 250 վոլտ հզորությամբ հոսանքով։ «Ծառայությունների» դիմաց տղամարդը 3 հազար դոլար է առաջարկել։ Դատախազները պնդում են, որ փորձերը միտումնավոր են եղել, և տղամարդն իմացել է, որ դրանք կարող են մահվան հանգեցնել։ Տուժողներից շատերը «փորձը» մի քանի անգամ են անցկացրել, ինչը հանգեցրել է ծանր այրվածքների, ցնցումների, սրտային անբավարարության և գիտակցության կորստի։
Որպես ապացույց ներկայացված է մի տեսանյութ, որտեղ 27-ամյա կինը Դևիդի հետ զրույցից հետո հոսանքահարում իր ոտքերը։ Նշված գործընթացի իրականացման համար կինն օգտագործել է գդալ և մեխ։ «Ես գումարի կարիք ունեի, իսկ նա ինձ վրա մեծ տպավորություն թողեց․ այնպես որ ես համաձայնեցի»,- ասել է կինը դատարանում։
Դևիդը ձերբակալվել է 2018 թվականի փետրվարին։ Նրա գործունեության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 16-ամյա մի դեռահաս հոսանքահարման հետևանքով կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել։