00:00:00

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել իր դիտարկումները

17:55, 15 նոյեմբեր 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն արդեն ՄԻԵԴ է ներկայացրել իր գրավոր դիտարկումները։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը՝ խոստանալով մանրամասները հայտնել մի փոքր ուշ։ Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ: Սահմանել են նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար։ ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը: «Փաստինֆո-ն հաղորդել է, որ հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ: Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր