00:00:00

Ռոբերտ Քոչարյանի հետապնդման մեկուկես տարին պսակազերծել է շատ առասպելներ. Վիկտոր Սողոմոնյան

14:07, 15 նոյեմբեր 2019

Արդեն մեկուկես տարի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է կոպտագույն քաղաքական հետապնդում։ Այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Վերնատուն» ակումբի նիստում։ «Նոյեմբերի 20-ին կլրանա Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորման 11 ամիսը։ Հայաստանի երկրորդ նախագահը քաղբանտարկյալ է»,- ընդգծել է Վիկտոր Սողոմոնյանը՝ ավելացնելով, որ չի ցանկանում թվարկել մեկուկես տարում պարզված բոլոր մանրամասները, դրանց մասին բազմիցս խոսվել է։ Վիկտոր Սողոմոնյանն առանձնացրեց 6 կարեւոր երեւույթ, պսակազերծված առասպելներ։ Առաջին հերթին՝ նա ընդգծեց, որ պարզվել է՝ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահը, մարդ, որը ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, ոչ մի կապ չունի մարկդանց սպանությունների հետ։ «Չէ՞ որ հենց այդ կարգախոսի տակ է արվում ամեն բան։ Գործող վարչապետը ջանքեր չխնայեց մեղադրանքների համար, հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը «գրեթե» բացահայտված է, Քոչարյանը ձերբակալված է։ Մենք տեսանք, որ դա սուտ է, եւ վարչապետն ինքը իր ներկայացուցչի միջոցով ստիպված էր հայտարարել, որ խոսելով հեղված արյան մասին՝ նկատի չուներ Քոչարյանին»,- հիշեցրել է Վիկտոր Սողոմոնյանը։ Նա ընդգծեց, որ հարցն անգամ վերաբերում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձին, այլ պատմական համատեքստին։ Երկրորդ հերթին՝ Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ կարելի է վստահաբար ասել, մարտի 1-ին տեղի չի ունեցել սահմանադրական կարգի տապալում։ Դա սուտ է եւ պատմությունը նենգափոխելու անհաջող փորձ։ Ինչպես նշեց Սողոմոնյանը, դժվար է գտնել առողջ դատող մարդ Հայաստանում, որը կպնդեր, որ խաղաղ բնակչությունը հադես էր գալիս լավ թեկնածուի օգտին, իսկ չար իշխանություններն այդպես պատասխանեցին։ «Դա իրավաբանական սյուռեալիզմ է։ Գործի 80 հատորներում, որոնք կապ չունեն իրականության հետ, չկան ցուցմունքներ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ցավով փաստում եմ, որ եթե այսպես շարունակվի, Քոչարյանի հանդեպ կկուտակվեն խախտումների եւս 80 հատորներ»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։ Երրորդ. երկրորդ նախագահի հանդեպ գործը ցույց տվեց, որ Հայաստանում պահպանվել է ուժեղ քաղաքացիական հասարակություն, հասարակության առողջ հատված՝ պատրաստ պայքարելու իրավական ամենաթողության եւ քաղաքական հետապնդման դեմ, չի վախենում հետապնդումներից, պաշտոնը կորցնելուց, չի վաճառում իր կարծիքն ու ընկերներին։ «Դա կարեւորագույն եզրակացություն է»,- ընդգծեց Սողոմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր, անտեսելով լկտի հարձակումները՝ վիրտուալ եւ ֆիզիկական, հավատարիմ են մնում իրենց սկզբունքներին։ Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց, որ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարության տակ ստորագրել է 40 հազար մարդ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից։ Որպես իրավիճակի շտկման միջոց նա առաջարկել է իշխանություններին մի քանի քայլեր։ Համոզված չէ, որ նրանք դրան ի վիճակի են»,- ճշտել է Սողոմոնյանը։ Այնուամենայնիվ, նա առաջարկել է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումը, հրաժարվել բռնաճնշումներից եւ զանգով արդարադատությունից, դատավարությունը վերադարձնել օրինականության հուն, դադարեցնել խեղաթյուրել Մարտի 1-ի գործը եւ ջանքերն ուղղել մարդկանց սպանությունների մեղավորներին պարզելուն, առաջին ատյանի դատարանը կատարի ՍԴ որոշումը եւ ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին, դադարեցնի քրեական հետապնդումը, դադարեցնի պատմությունը նենգափոխելու փորձերը, կոպիտ ճնշումը դատաիրավական համակարգի եւ մասնավորապես՝ դատարանների վրա։ ՍԴ-ն ենթարկեցնելու փորձերը հարված են հասցնում դեմոկրատիային եւ տանում միանձնյա իշխանության, զգուշացրել է Վիկտոր Սողոմոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր