00:00:00

Այսքան տարանջատված Հայաստան դեռ չէի տեսել. Վազգեն Մանուկյան

12:26, 15 նոյեմբեր 2019

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը այսօր համաժողով է կազմակերպել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի փակուղի մտնելու հանգամանքը, հանրության պառակտումն ու Սահմանադրական դատարանի ու դատաիրավական համակարգի դեմ եղած ճնշումները: Ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը, մինչև օրակարգի հարցերին անդրադառնալը, նշեց, որ ակումբը դեռ կազմավորվում է, դեռ չկան ակումբի անդամներ ու իրենց շարքերը համալրվում են մտահոգ անհատներով: Մանուկյանը օրակարգին անդրադարձավ պատմական շրջայցով, հիշեցրեց 1965 թվականից հայ ժողովրդի առջև ծագած խնդիրների մասին ու փաստեց. «1995-1996 թվականների ընտրությունները մեծ շեղում էին, ու դրանից հետո ժողովրդի մոտ բոցկլտում էր այն միտքը, որ այս պետությունը մերը չի»: Մանուկյանը չի ժխտում, որ կոռուպցիան այսօր գուցե ավելի նվազ է, քանի տարիներ առաջ էր, բայց. «Կոռուպցիայի դեմ պայքարելը հայտարարություններով չի, ասֆալտին փռելով չի: Կոռուպցիայի դեմ պայքարն օրենքներով պետք է արվի: Անընդհատ հետ գնալով՝ ոչ մի բանի չենք հասնի»: «Վերադարձա՞վ պետությունը ժողովրդին»՝ Մանուկյանը հստակ գիտի՝ ո՛չ: Ասում է՝ պետությունը հիմա միանձնյա է, մեկն է որոշում բոլոր հարցերը: «Մեզ պետք է իսկական ժողովրդավարական պետություն, որտեղ միանձնյա իշխանություն չի լինի: Այս խաղն ապագա չունի»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ եթե փորձի ավելի ծայրահեղացնել վիճակը ու խոսել մաթեմատիկոսի լեզվով, պիտի ասի, որ այն, ինչ տեղի է ունենում «անմակարդակ, ոչ ազգային բռնատիրություն է: Կստացվի՞, իհարկե, ոչ»: «Համերաշխության վերաբերյալ: Ես այսքան տարանջատված Հայաստան դեռ չէի տեսել: Ի՞նչ համերաշխության մասին է խոսքը: Աղբանոց է նետվում կարեւոր ամեն ինչ, ինչին հասել ենք ամբողջ ժողովրդով: Երբ ժողովուրդը պահանջում էր վերադարձնել պետությունն ու ազնվությունը, նա իր գաղափարներն էր առաջ մղում: Արցախի ղեկավարության հետ բավականին բարդ հարաբերություններ են ստեղծվել, այնպիսի տպավորություն է, թե հարցը ինչ-որ կերպ լուծելու եւ հետագայում հանգիստ ապրելու փորձ է կատարվում: «Լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերին» արտահայտությունն առաջին անգամ Գորբաչովն է կատարել: Բայց հետո հասկացավ, որ էությունը դրա մեջ չէ: Մենք եւ Ղարաբաղի ժողովուրդն ասացինք, թե ինչ ենք ուզում, եւ պետք է հասնենք: Իհարկե, հաշվի առնելով աշխարհի իրողությունները եւ իրավիճակը: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվել»,- շեշտեց Վազգեն Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր