00:00:00

Շանտաժով ու պոպուլիզմով իշխանություն պահելու նուրբ արվեստը

17:45, 14 նոյեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը շարունակում է զարմացնել հասարակության լայն շերտերի զգալի մասին: Նա երեկ հերթական անգամ ԱԺ բարձր ամբիոնից հանդես եկավ սպառնալից հայտարարություններով: Մասնավորապես խոստացավ ասֆալտին պառկացնել ու պատերով տալ նրանց, ովքեր կհանդգնեն հակառակ կարծիք ունենալ կամ դեմ արտահայտվել իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններին: Սա ներկայիս իշխանության գործելակերպի հայտնի մեթոդն է. Երբ Փաշինյանն ու իր ղեկավարած թիմը հայտնվում են այս կամ այն ուժի, քաղաքական գործիչների քննադատության թիրախում՝ դիմում են պաշտպանվելու տարբերակին. հիշում կամ հիշեցնում են քննադատողների անցած ճանապարհը, պոպուլիստական ելույթներով էլ մի կողմից սպառնում են այդ մարդկանց , մյուս կողմից էլ շարունակում են դատարկ խոսքերով կերակրել հույսով ու հավատով փոփոխությունների սպասող ընտրողներին: Փաշինյանն առիթից առիթ հիշում է օրինակ, որ որոշ նախկին պաշտոնյաներ թալանել են երկիրը, խաբել են ժողովրդին ու այդկերպ իշխանություն են պահել: Բայց դա միայն այն դեպքում, երբ վերջիններս ակտիվության նշաններ են ցույց տալիս: Այնինչ նա իրեն իշխանության բերած ժողովրդին բացատրություն չի ներկայացնում, թե ինչու՞ մինչև հիմա ժողովրդից թալանածն ու գողացածը հետ չի բերվել և ինչու՞ պատասխանատվության չեն կանչվել մեղավորները: Չի ներկայացնում, քնաի որ պահանջող չկա, քանի որ շատերը դեռևս կուրորեն հավատում են, թե Փաշինյանի խոսքը օրերից մի օր գործի է վերածվելու, և որ դատարկ պոպուլիզմին ի վերջո փոխարինելու կգա իրական գործը և հեղափոխությունը կիսատ ճանապարհին չի մնա: Օրերս նույն այս քայլին դիմեց նաև ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը: Իր հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդության ցույցերին անդրադառնալով բացահայտ սպառնաց ՀՅԴ-ին՝ կառավարություն տարած դատարկ արկղերը լցնել քրեական գործերով և հետ ուղղարկել: Արայիկ Հարությունյանը նկատի ուներ, որ Դաշնակցական նախարարների ժամանակ կրթության ոլորտում չարաշահումներ են թույլ տրվել, որոնք կարող են քրեական գործեր հարուցելու հիմք հանդիսանալ: Այս դեպքում հարց է առաջանում, եթե այդպիսիք կան, ապա ինչու՞ անցած երկու տարիների ընթացքում դրանք չեն բացահայտվել ու ներկայացվել հանրությանը, և ինչու՞ է այդ ամենի մասին նախարար Հարությունյանը բարձրաձայնում հիմա՝ իր հրաժարականի պահանջին զուգահեռ: Ամեն ինչ պարզ է՝ սա հայտնի դաս է, որն Արայիկ Հարությունյանը ու իր մյուս գործընկերները սերտել են իրենց քաղաքական թիմի ղեկավարից: Իրավապահ մարմինների դարակներում հավաքել ու պահել «քրեական գործերը», դրանք որպես շանտաժի միջոց օգտագործելու նպատակով: Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին էր մեղադրում շանտաժի միջոցով իշխանություն պահելու համար, հիմա նույնը կրկնում են ինքը և իր քաղաքական թիմը: Սա ուշ թե շուտ ակնհայտ է դառնալու հասարակության լայն շերտերի համար, բոլոր այն մարդկանց, ովքեր իշխանության բերեցին Փաշինյանի թիմին: Նրանք հասկանալու են, որ պոպուլիզմով ու շանտաժով երկիրն առաջ չի գնալու, և ժամանակին իրենց խոստացված համակարգային փոփոխություններն էլ այդկերպ կյանքի չեն կոչվելու: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր