Տիգրան Շահրամանյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչ պետք է կառուցվեր իր վարձակալած տարածքում և ինչու այն չի կառուցվել։ Մեզ հետ զրույցում Տիգրան Շահրամանյանը ոչ մի հստակ պատասխան չտվեց։ Տպավորություն ունեցանք, որ նա տեղյակ էլ չէր այդ ամենից։ «Որ անկեղծ ասեմ՝ պայմանագրային մասերը, քանի որ ես իրավաբանորեն այդքան լավ չեմ տիրապետում, անձամբ ես չեմ կնքել պայմանագիրը, այսիքն՝ ես կնքել եմ, բայց ես չեմ պատրաստել, ու ճիշտը որ ասեմ՝ հիմա չեմ հիշի պայմանագիրը, որովհետև դա վաղուց էր»,- արձագանքեց Տիգրան Շահրամանյանը։ Մեր դիտարկմանը, թե մենք պայմանագրային ճշմարտությունների կամ դրա բովանդակության մասին չենք հարցնում, այլ ընդամենը ուզում ենք իմանալ՝ ինչ էր նախատեսում կառուցել և ինչու չի կառուցվել, արձագանքեց․ «Ինչը որ կառուցվում է, կառուցվում է պայմանագրին համապատասխան, դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, և չեմ կարծում, որ ես պարտավոր եմ էդ հարցին պատասխանեմ։ Ինչը որ արվում է, դա արվում է օրենքի սահմաններում»։
Մեր դիտարկմանը, թե պետական անտառները վարձակալությունը չի կարող կոնֆիդենցիալ ինֆորմացիա լինել, Տիգրան Շահրամանյանն այսպես արձագանքեց․ «Իսկ խի՞ չեք հարցնում՝ ես մի հատ մեքենա ունեմ գառաժում, ինչու չեմ օգտագործում»։
Երբ բացատրեցինք իր անձնական գույքի և պետական սեփականության անտառների տարբերությունները, Տիգրան Շահրամանյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանելուց՝ պատճառաբանելով, որ չի վստահում տեղական ԶԼՄ-ներին, որովհետև չի ուզում, որ իր ասածն այլ կերպ վերարտադրվի։
Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ից պարզեցինք, որ Տիգրան Շահրամանյանի տարածքի համար ՇՄԱԳ չի իրակաանցվել։