Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի դատավոր Աննա Դանիբեկյանի այսօրվա հրապարակած որոշումը, որը վերաբերում էր գրավի դիմաց Ռ. Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը, ինչը հիշեցնենք մերժվեց դատարանի կողմից: Փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե իր մաշկի վրա զգացել է դատավորի մասնագիտական գիտելիքների խորը պակասը. «Ես միջնորդության մեջ գրել էի՝ մի մեղադրեք մեզ, թե մենք փորձում ենք խոչընդոտել և ձգձգել դատական քննությունը, հակառակը՝ մենք այսօր հակված ենք մտնել դատական վիճաբանությունների փուլ և արտասանել պաշտպանական ճառ և քարը քարին չթողնել այս մեղադրանքի մասով»,-նշեց պաշտպան Սահակյանը: Լրագրողներից մեկի հարցին, թե շարունակելու են միջնորդություններ ներկայացնել, պատասխանեց. «Գործով անցնում է 4 ամբաստանյալ, ես չեմ կարող ասել՝ ինչ միջնորդություն ունեն մյուսների պաշտպանները, բայց մենք ունենք մի շարք միջնորդություններ, որոնք պետք է ներկայացնենք: Օրինակ՝ պետք է միջնորդենք՝ Դուք քննիչներ եք, դու քննչական խմբի ղեկավար ես, պարո´ն Հրաչյա Մուշեղյան, բա դու չգիտե՞ս, որ եթե մարդուն մեղադրում ես, ասում ես՝ ճնշում են գործադրել ՍԴ դատավորների վրա, ուրեմն պետք է նման ինֆորմացիա, ցուցմունք ունենաս, պետք է հարցաքննած լինես ՍԴ դատավորներին: Բայց նրանք ընդամենը հարցաքննել են մարտի 8-ին ՍԴ-ի որոշումը ստորագրած 8 դատավորներից միայն մեկին, որն ասել է՝ ինձ վրա ճնշում չի եղել, բա էն 7-ին ինչո՞ւ չեք հարցաքննել ու այստեղ գրել եք՝ ճնշում են գործադրել»,-նշեց Ռուբեն Սահակյանը: