00:00:00

Մարդուն առևանգելու մեղադրանքով կալանավորվել է Շենավան գյուղի գյուղապետը և նրա եղբայրը. Քննչական կոմիտե

22:17, 05 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի  մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ  կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել  իրեն առևանգելու և ծեծի ենթակելու  մասին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 27-ամյա երիտասարդը   ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ խուզարկություններ, առերեսումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, պարզվել միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Պարզվել է 27-ամյա երիտասարդին առևանգելու մասնակից անձանց շրջանակը: Նրանցից երկուսը եղբայրներ են ՝ 39 և 43-ամյա, ովքեր իրենց 37-ամյա ընկերոջ միջոցով, 27-ամյա երիտասարդին տանից կանչել են դուրս, ապա երիտասարդի կողմից վաճառվող մեքենան  գնելու պատրվակով, նրա հետ ուղևորվել են մեքենայի տեխնիկական վիճակը ստուգող անձի մոտ, սակայն ճանապարհին երիտասարդին դուրս են բերել ավտոմեքենայից  և նստեցնելով մեկ ուրիշ ավտոմեքենա՝ տարել են մոտակա գյուղի դաշտեր, որտեղ ճանապարհին նրանց  միացած երկու ընկերների հետ ծեծել են վերջինիս: Քրեական գործի շրջանակներում եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև  118-րդ հոդվածի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Եվ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամ իր ընկերների հետ իրեն տանից դուրս է կանչել իր ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարհին եկած անձանցից մեկը հարվածել է իրեն ու ստիպողաբար դուրս բերել ավտոմեքենայից, նստեցրել մեկ այլ ավտոմեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր