00:00:00

Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները

12:07, 04 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:17-ի սահմաններում, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 39.2կ/մ հատվածում Գուրգեն Հակոբյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինքնաձիգից կրակահերթ է արձակվել վերջինիս վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով Գուրգեն Հակոբյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի՝ ծնված 1962 թվականին, պատճառվել է մարմնական վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ։ Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ  «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածում հայտնաբերվել է շուրջ 30 հրազենային գնդակային վնասվածք, իսկ ճանապարհի եզրից՝ 21 հատ կրակված պարկուճ, հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, կատարվել առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարույթուններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր