Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտա-Հրաչյա Քոչար փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում շտապօգնության բժիշկները դրել են պատգարակի վրա, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, մահացել է, իսկ վարորդը վրաերթի ենթարկվածին, ով երիտասարդ տղա էր, թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Վահան Էվինյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Համբարձումյանի և դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել են բաժնի պետ Արտաշես Վանյանը, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատվանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը, վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթը կատարած ավտոմեքենան եղել է սև գույնի, արտասահմանյան մակնիշի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: