«Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց, մինչև կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 26-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց ուղղությամբ։
Մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։