Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան, ով հեռացել է Հայաստանից դեռեւս չի վերադարձել։
«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված անձն այս պահին Հայաստանում չէ։ Վկայի կարգավիճակ ունեցող անձին երկրից դուրս գալու արգելք օրենքով չի կարող ներկայացվել»,–հոկտեմբերի 17-ին լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրիա Հարությունյանը։
Հայկ Հարությունյանի մահվան գործով առանցքային վկան դեպքի օրը նրա հետ առանձնատանը գտնվող անձն է:
Ըստ շրջանառվող լուրերի` այդ անձնավորությունը կին է։ Նա լսել է կրակոցի ձայնը և հյուրասենյակում հայտնաբերել Հարությունյանի դին: Հետո խուճապահար դուրս է եկել տնից ու պատահական անձանցից օգնություն խնդրել:
Մարդիկ արձագանքել են և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին, նաև ահազանգել շտապօգնություն:
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ վկան Հայաստան կվերադառնա հաջորդ շաբաթ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն այդ կինը արտերկրում թոռնիկ է ունեցել եւ դրանով է պայմանավորված եղել ժամանակավոր մեկնելը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, նախկին ոստիկանապետ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նախկին պետ, ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Irakanum.am