00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. 35–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև բախվել կայանված Ford-ին. վիրավորները ճանապարհին կատարում էին գծանշումներ

11:14, 25 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վրաերթ –ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Վարուժան Վ.-ն իր վարած Mercedes մակնիշի 001 AA 09 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի 24 հասցեի՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford մակնիշի 12 QQ 100 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է. Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների և Ford-ի վարորդի ինքնությունը: Դեպիք վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները աշխատում էին «Գծանշում» ՊՈԱԿ-ում և իրենց գործընկերների հետ նշված հատվածում երթևեկությունը կարգավորող նշաններ էին տեղադրում և կատարում գծանշման աշխատանքներ, իսկ բախման հետևանքով հատուկ սարքավորման մեջ լցված ներկը հարվածից լցվել էր աշխատակիցների վրա, այդ թվում՝ դեմքներին: Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր