Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:
ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով Լորան Վոքիեին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ բարձր ներկայացուցչական կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության եւ երկու ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդմանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:
Երկուստեք ընդգծվեց գործարար շրջանակների միջեւ կապերի խթանմանը, ինչպես նաեւ կրթության եւ մշակույթի բնագավառներում գործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման եւ կյանքի կոչման կարեւորությունը:
Անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցությանը եւ վերջինիս ընձեռած հնարավորություններին: Այդ համատեքստում երկուստեք կարեւորվեց նաեւ Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության խթանումը: ԱԳ նախարարը բարձր գնահատեց Ֆրանսիայի ինքնակառավարման մարմինների ղեկավարների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ, որի առանցքում ընկած է մարդու իրավունքների հարգումը:
Փոխադարձաբար արժեւորվեց Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում եւ երկու բարեկամ երկրների միջեւ կամրջող նշանակություն ունեցող հայ համայնքի դերակատարությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։