Armtimes.com-ը գրում է.
Երեւանի պետական համալսարանի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողները այսուհետ աջակցություն կստանան. Ֆակուլտետներում ձեւավորված աջակիցների օղակը նրանց կօգնի դասապատրաստման, լրացուցիչ պարապմունքների իրականացման եւ ուղեկցության հարցերում:
Հաշմանդամություն ունեցող ուսանողներն այսօր բուհերում բախվում են մի շարք խնդիրների՝ թեքահարթակների, Բրայլյան՝ ուռուցիկ-կետային համակարգով գրքերի ու «խոսող» գրքերի բացակայության եւ այլն: ԵՊՀ-ում առայժմ փորձում են լուծել այդ խնդիրներից մեկը: Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը սույն թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել է հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցելու մասին հրամանը, որը նույն օրվանից ուժի մեջ է մտել:
Ֆակուլտետներում կձեւավորվի աջակիցների օղակ, որը կստանա ֆինանսավորում՝ հաշմանդամություն ունեցող ուսանողների հետ լրացուցիչ պարապմունքների եւ նրանց ուղեկցելու համար:
Ըստ այդ հրամանի՝ տեսողական եւ լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողների դասապատրաստմանն աջակցելու եւ համալսարանի տարածքում նրանց ուղեկցելու նպատակով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով համապատասխան ֆակուլտետին է հատկացվելու 400 հազար դրամ: Հենաշարժողական խանգարումներ ունեցող ուսանողներին համալսարանի տարածքում օգնելու եւ ուղեկցելու համար նախատեսված է հատկացնել գումար՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մեկ ուսանողի հաշվարկով 200 հազար դրամ: Աջակիցների օղակում տեսողական եւ լսողական զգայարանների խանգարումներ ունեցող ուսանողներին օգնելու համար հատուկ մասնագետներ կհրավիրվեն, եւ հատկացվող 400.000 դրամից նրանք աշխատավարձ կստանան:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում