ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է 48 մլն դրամ, ինչը մոտ 30%-ով ավելի է 2018-ի և մոտ 50%-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հրապարակում էր ներկայացրել Tert.am-ը։
Անդրադառնալով գործուղումների թեմային՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Կարևորում եմ արտաքին հարաբերությունները, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում։ Բայց երբեմն լսում է, որ այս կամ այն պատգամավորը անընդհատ գտնվում է գործուղումների մեջ, իսկ այդպիսիք շատ եմ։
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենց գործառույթները գլխավորապես պայմանավորված են գործուղումների գնալով։ Ու այս գումարի մեծությունը նաև այստեղից է բխում։ Որոշակիորեն նաև կասկած ունեմ, որ «Իմ քայլ»-ում կամ ԱԺ-ում որոշ պատգամավորների երբեմնի բարձր աշխատավարձը փորձում են կոմպենսացնել այդ գործուղումների միջոցով, դրա համար էլ անընդհատ գործուղումների են ուղարկում, որ նրանք էլ ստանան այդ օրապահիկները»։
Դավիթ Խաժակյանի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում այդ գործիչների մասով այդ ակտիվությունը չենք տեսնում։
«Մյուս կողմից՝ ես հաշվետվողականության անհրաժեշտություն եմ տեսնում, քանի որ կա այդ հարցադրումը, որ գործուղումների թիվը բավական մեծացել է։ Թո՛ղ հաշվետվություններ ներկայացնեն, թե որ պատգամավորը երբ և ուր է գնացել գործուղման և ինչ է դրանից ստացել, որովհետև մենք նաև խմբեր ունենք, որոնք գործուղվում են այս կամ այն միջազգային կառույցներում, բայց հիմնական ներկայացուցիչները քիչ են գնում և այդտեղ մենք ինչ-որ քվեարկության իրավունք ենք կորցնում կամ, ադենք՝ գնում են այնտեղ ու նիստերին չեն մասնակցում, զբոսնում են քաղաքում․ այս խնդիրներին, իհարկե, պետք է ուշադրություն դարձնել», - եզրափակեց Դավիթ Խաժակյանը։