irakanum.am-ի զրուցակիցը գրականագետ, թարգմանիչ Սիրանուշ Փարսադանյանն է։
- ԿԳՄՍ-ի կողմից շուտով հանրային քննարկման դրվելիք «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում բացակայում է այն դրույթը, ըստ որի՝ բուհերին պարտադրվում է ուսուցման ծրագրերում պարտադիր կերպով ներառել հայագիտական նշանակության «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու» առարկաները: Ըստ այդմ՝ բուհերի ղեկավարությունն ազատ է՝ որոշելու ներառե՞լ դրանք ուսումնական պլանում, թե՞ ոչ: Ի՞նչ կասեք այս մասին։
-Ինձ համար անհասկանալի է նման կամայական վերաբերմունքը հայագիտական առարկաների նկատմամբ, որոնց դասավանդումը, ըստ իս, ամենակարևորն է: Ուղղակի անտրամաբանական քայլը է հայագիտական առարկաները համարել ավելորդ:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է պարտադիր բուհերի բոլոր ֆակուլտետներում այս առաջկաների դասավանդումը։
-Կարծում եմ՝ բոլոր ֆակուլտետներում է պարտադիր: Դրանք այն առարկաներն են, որոնց դասավանդումը պետք է խրախուսվի բոլոր ֆակուլտետներում՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ ոչ մասնագիտական: Չէ՞ որ, օրինակ, կենսաբանին և տնտեսագետին ևս անհրաժեշտ են լեզվական գիտելիքներ մասնագիտական խոսքը ճիշտ և գրագետ կառուցելու համար: Կամ, ասենք, հայոց պատմության մասին խորքային գիտելիքներ պետք է ունենան միայն պատմաբաննե՞րը: Գրականության հարցում խնդիրը մի փոքր այլ է. ի վերջո, երիտասարդի՝ որպես անհատի ձևավորման գործում վերջինիս դերն անփոխարինելի է:-Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ նախարար ԿԳՄՍ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ այսօր դպրոցն ավարտում են 18 տարեկանում, 12-ամյա կրթակարգով, և այդ փոփոխություններով իրենց նպատակն է ուժեղացնել հայագիտական առարկաներ դասավանդումը դպրոցում, որպեսզի դրանց կրկնությունը չլինի բուհերում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարի այս հայտարարությունը։ Ըստ Ձեզ՝ նրա այս բացատրությունը որքանո՞վ է հիմնավորված։
-Կրթական ծրագրերի ճիշտ պլանավորման դեպքում, կարծում եմ, կրկնություն չի լինի: Դպրոցներում ուսումնասիրվում են այդ առարկաները, իսկ բուհերում արդեն պետք է մոտենալ մասնագիտական տեսանկյունից: Այս դեպքում խնդիրը թերևս շատ ավելի խորքային է, քան թվում է: Հարց է ծագում՝ իսկ որքանո՞վ են այս առարկաները յուրացվում դպրոցում:
- Հետևելով համացանցանցում կատարվող գրառումներին ու, առհասարակ, մամուլի հրապարակումներին, ի՞նչ կասեք մարդկանց՝ հայոց լեզվի իմացության նակարդակի մասին։
-Այդ առումով մեր լեզուն գտնվում է աղետալի վիճակում: Հուսադրող քիչ բան կա: Ամենացավալին այն է, որ հայերենին բավարար չեն տիրապետում նույնիսկ մասնագիտական ֆակուլտետների շրջանավարտները: Հեռուստատեսությամբ հազվադեպ է հնչում գրագետ խոսք, սոցիալական կայքերում վիճակն ավելի սարսափելի է: Փաստ է՝ մենք չենք տիրապետում մեր լեզվին: Իրականում, սա շատ ավելի մտահոգիչ է, քան թվում է:
- Եթե բուհերում չդասավանդվեն «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առաջկաները, դա ինչի՞ կհանգեցնի։
-Նման որոշման ընդունումն անթույլատրելի է: Դա հղի է բազմատեսակ վտանգներով՝ տեսանելի և աներևույթ: Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի: Մեր լեզուն և պատմությունը մեր ինքնությունն են: Գիտեք, մենք այնքան անտարբեր ենք մեր լեզվի, մեր արժեքների, մեր գրականության հանդեպ: Պետության հետ պետք է շարունակ հոգ տանենք, բայց միշտ հակառակ պատկերն ենք տեսնում: