Այսօր «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։
«Միրզա Դինային բացառիկ անհատականություն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքված են եւ ծանր տառապանքներ են կրում։ Մի կողմից՝ անպատմելի չարիքի հետ առերեսվելիս, իսկ մյուս կողմից՝ մարդկանց օգնել փորձելիս, անհատը կարող է բախվել նաեւ մեծ մարտահրավերների ու հիասթափության՝ չհաշված բազում վտանգները, սակայն Միրզա Դինային չի ընկրկել: Մեծ ոգեւորությամբ շնորհավորում եմ նրան դափնեկիր դառնալու կապակցությամբ եւ ողջունում նրա մուտքը «Ավրորայի» ընտանիք», — նշեց 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան։
- «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպություն («Օդային կամուրջ Իրաք»)
- «ՍԻԴ» հիմանդրամ (SEED Foundation)
- «Շայ» հիմնադրամ (Shai Fund)

