00:00:00

Սոչիում քննարկվել են միջազգային ահաբեկչության նոր մարտահրավերների դեմ պայքարի խնդիրները

23:55, 18 հոկտեմբեր 2019

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հոկտեմբերի 16-17-ը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հովանու ներքո տեղի է ունեցել գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների ամենամյա խորհրդակցության 18-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Խորհրդակցության նպատակն է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող համընդհանուր դերի սկզբունքների պահպանության միջոցով խաղաղության և կայունության ձեռքբերումը: Ավելի քան 80 պետությունների իրավասու գերատեսչությունների 125 պատվիրակությունները քննարկել և ներկայացրել են իրենց տեսակետները միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության առավել արդիական մեթոդների, միջազգային ահաբեկչության նորահայտ մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի արդի խնդիրների, ինչպես նաև՝ տեղեկատվական տիրույթների կիբերանվտանգության ապահովմանն ու ահաբեկչության հակազդեցության համակարգված մոտեցմանն առնչվող հարցերի շուրջ։ Խորհրդակցության ընթացքում մասնակից պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարները հայտնել են իրենց տեսակետներն ու մոտեցումներն արդի խնդիրների շուրջ: Խորհրդակցության ավարտին մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծել են պետությունների և նրա իրավասու մարմինների՝ ահաբեկչությանը հակազդելու ոլորտում փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղեգծի շարունակականությունը: Նշենք, որ նիստի ընթացքում մշակված նոր խնդիրների լուծման մոտեցումներն ունենում են հետագա զարգացում միջազգային տարբեր հարթակներում: Նիստի ամփոփիչ և վերլուծական նյութերն ստանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթի կարգավիճակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր