Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը լուծարվում է: Այս մասին երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հայտնել են տուն-ինտերնատի աշխատակիցների հետ ունեցած հանդիպմանը:
«Փոխնախարարը երեկ եկել էր, ինքը հաստատ համոզված պատասխանեց, որ հունվարի մեկից մենք փրկություն չունենք, բացատրեց, որ թոշակառուներին բոլորին կրճատում են»,- ասել է տուն-ինտերնատի բուժքույր Էլյա Դիլանյանը։
«Մեր կոլեկտիվը չի վստահում որևիցե ՀԿ-ի, իսկ եթե էդ ՀԿ-ների գումարը վերջանա, մեկ տարի կամ երկու տարի հետո ո՞նց է լինելու, եթե չարդարացրեց, այդ ժամանակ ի՞նչ են անելու»,- հարցադրումներ է կատարել հոգեբան Մարիա Արզումանյանը։
Համաձայն նախագծի` նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից լուծարել Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը։ Իսկ փակվելուց հետո նախատեսվում է հաստատությունում բնակվողների խնամքը հանձնել Կարմիր խաչի գրասենյակին, աշխատակիցներն էլ ազատվելու են աշխատանքից:
«Վարչական մասը միանշանակ դուրս է մնում այս պրոցեսից, թոշակառուները միանգամից դուրս են մնում այս պրոցեսից, իսկ մնացած աշխատողները, այն կազմակերպությունը, որը կշահի մրցույթը, կունենա առաջնահերթ աշխատանքի ընդունվելու իրավունք»,- իր պարզաբանված մոտեցումներն է ներկայացրել Գյումրիի տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարուխանյանը:
Մինչ այս նախարարությունը Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում ստուգումներ է անցկացրել, լուրջ խախտումներ, ըստ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, չեն հայտնաբերվել, իսկ թերությունները կապված են եղել հիմնականում անկողնային հիվանդների սենյակներում առկա տհաճ հոտի և խնամվողների հասանելիք սննդի չափաբաժինների մասին տեղեկացնող թերթիկների բացակայության հետ:
«Իրենք մի հատ չցանկացան էս խնամվողների հետ զրուցել` արդյոք իրենք կուզե՞ն էս շենքից դուրս գալ, կարծիքներ չհարցրեցին նաև մեզնից»,- զայրացած նկատում է ինտերնատի աշխատակից Գայանե Հարությունյանը:
Տուն-ինտերնատն ունի 156 խնամվող և 71 աշխատակից: Նախարարության պատասխանատուները երեկ աշխատակիցների հետ լուծարման պատճառները չեն քննարկել և չեն լսել նրանց առաջարկությունները: