00:00:00

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ոստիկանի սպանությունից. Խլել է զենքն ու կրակել (ֆոտո)

14:34, 16 հոկտեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը եւ «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին եւ կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ եւ 1փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր