Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, 3-ը՝ Աշտարակի, երկուսը՝ Ապարանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Ապարանի և Աշտարակի բժշկական կենտրոնների բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանտար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի և Աշտարակի բաժիններ, որտեղից ժամանել են օպերատիվ խմբերը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մեջ կան նաև ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ, իսկ ավտոմեքենաներից մեկի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: