Ինչպես հայտնել ենք, ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՔԿ–ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը հայտնել է՝ պարզվում է դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը:
«1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»,–գրել է Նաիրա Հարությունյանը։
Մյուս գրառմամբ էլ Ն․ Հարությունյանը տեղեկացրել է ՝ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը:
Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Դատավորին թիկնապահ է տամադրվել։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս իր ֆեյսբուքյան էջում է գրառում կատարել` անդրադառնալով դեպքին։ Նախարարը խստորեն դատապարտել է դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը, ըստ նրա, պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:
«Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»,–գրել է նախարարը։
Irakanum.am-ի հետ զրույցում փաստաբան Կարինե Լալաբեկյանն, անդրադառնալով դատավոր Դանիբեկյանի հետ կատարված միջադեպին, նշեց՝ դատավորի հետ կատարվածը շատ լուրջ ազդակ է․ սա ճնշում է ոչ միայն դատավորի, այլև դատական համակարգի վրա։
«Ներկայիս իշխանությունը փորձում է ջանասիրաբար պաշտպանել դատավոր Դանիբեկյանին, թիկնապահ տրամադրել, բայց այս իշխանությունները պիտի հասկանան, որ հենց իրենք են սանձազերծել այս ամենը։ Իրենց կողմից հրահրված գործողությունների արդյունքում է, որ այսօր որոշ մարդիկ կարողանում են իրենց թույլ տալ անվանարկել դատավոր Դանիբեկյանին։ Այս իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, սանձազերծել է այս ամենը, քանի որ հենց վարչապետը հնչեցրեց «վնգստացող դատավորներ» արտահայտությունը, իսկ դրանից հետո այդ արտահայտությունը կրկնեց ԲԴԽ նախագահը, ավելին՝ Հայկ Ալումյանն էլ իրեն թույլ տվեց դատական նիստի ժամանակ հիշատակել այդ արտահայտությունը․ ես դա համարում եմ կոպիտ վիրավորանք, կոպիտ ապտակ դատական իշխանությանը։ Այս անգամ էլ հերթական քայլն է կատարվում՝ միջամտելու դատական իշխանության աշխատանքին, իսկ դա անելու իրավունք չունի որևէ մեկը»։
Փաստաբան Կարինե Լալաբեկյանն ընդգծեց՝ երբ փաստաբանական հանրույթը փորձում էր պաշտպանել ճնշումների ենթարկված մյուս դատավորներին՝ Դավիթ Բալայանին, Ազարյանին և ճնշումների ենթարկված մնացած դատավորներին, ներկայիս իշխանությունն այդ ամենի վրա կարծես թե աչք էր փակում ու չէր նկատում, որ մնացած դատավորները ևս ճնշումների կարող են ենթարկվել։
«Իսկ գործադիր իշխանության ղեկավարի կոչից հետո՝ «գնացե՛ք, փակեք դատարանի դռները» Հայաստանում կատարվեց դատական իշխանության դեմ ամենամեծ ոտնձգություններից մեկը, որից հետո մնացած դեպքերը շղթակայան ռեակցիայի հաջորդ օղակներն էինԼ Ես չեմ կարծում, որ միայն դատավոր Դանիբեկյան ունի պաշտպանության կարծիէ։ Բոլոր դատավորներն էլ ունեն պաշտպանության կարիք։ Անկախ պետության գրավականներից մեկը դատական իշխանության աշխատանքին չմիջամտելն է։Որևէ մեկն իրավունք չունի միջամտել ու իր որոշումներով ազդել դատական իշխանության ներկայացուցչի որոշումների վրա։ Միայն այդպես կարող է հաղոջություն ու առաջընդաց նկատվել պետության մեջ ու դատական համակարգում։ Խստորեն դատապարտում եմ դատավար Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը, և, առհասարակ, այն բոլոր դեպքերը, երբ դատավորները ոտնձգությունների են ենթարկվել, ինչպես դատավոր Ազարյանի, Բալայանի, Ալվինա Գյուլումյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգություններն էին և մնացած բոլոր այլևայլ գործողությունները, որոնք հանգեցնում են նման միջադեպերի։
Կարինե Լալաբեկյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ ամենաօբյեկտիվ ու անաչառ դատավորներից մեկն է, հետևաբար տվյալ ճնշումը չի ազդի Դանիբեկյանի՝ հետագայում կայացնելիք որոշումների վրա։