Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց 7 միլիարդ արժողությամբ «Գոլդեն Փելես» հյուրանոցը եւ հողատարածքն ընդունել ՀՀ-ի նվիրատվություն:
Որոշման համաձայն՝ նվիրատվության մեջ են մտնում Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19.758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները, դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե Արմեն Ավետիսյանը ցանկություն է հայտել իր այդ շքեղ հյուրանոցը նվիրել պետությանը: Փաշինյանը նաև ասել էր, որ այդ հյուրանոցն արժե մինչև 20 մլն դոլար:
Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել 2001-2008 թվականներին Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ: Ըստ հաղորդագրության, ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու համար: