Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղին հարող Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել և այնտեղից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23։20-ի սահմաններում Սևանի բնակիչ՝ 28-ամյա Աննա Ա-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 36 GՍ 618 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում, ինչի հետևանքով էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազիբալոնի փականը, հոսանքազրկել այն եւ ուղղել: